Վանի նահանգը - 25 Мая 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Май » 25 » Վանի նահանգը
14:29
Վանի նահանգը

Թիմար.— Թիմարը պատմական Գնունյաց գավառն է, որն ընկած է Վանա լճի հյուսիս-արևելյան մասում։ Բնությունը լեռնոտ է։ Թիմարի միջով հոսում է Մարմետ գետը, իսկ արևելյան կողմում գտնվում է Արճակ լիճը։ Գեղածիծաղ և ծովահայաց են այս գավառի գյուղերն ու ավանները։ Հայաշատ և այգեզարդ երկիր էր Թիմարը։ Գավառի նշանավոր Մարմետ գետը հարուստ է տառեխ ձկներով։ Գավառի բնակավայրերից նշանավոր էին Ալյուր, Էջմիածին, Էրերին, Մարմետ, Տիրամոր գյուղ, Լեզք, Շահբազ։
Ալյուր կամ Այլուր հայաշատ և հացառատ գյուղ էր, առանձնահատուկ գեղեցիկ բնությամբ։ Ավանդությունն ասում է, երբ ս. Թադևոսը գալիս է այստեղ, հիանալով գյուղի բնությամբ, բացականչում է. «Այլ ուր գնալ»։ Ըստ այդ ավանդության գյուղը կոչվել է Այլուր։ Գյուղը հայտնի էր իր ընտիր այգիներով, պարտեզներով և համեղ գինիներով։

Վանա լճի ափից մեկ կիլոմետր հեռու գտնվում է Լիմ կղզին։ Կղզու դիմաց գտնվում է Ջանիկ նախկինում հայաբնակ նշանավոր գյուղը, որից 5 կիլոմետր հեռու դեպի հյուսիս գտնվում է Տիրամոր գյուղը՝ իր վանքով։ Մարմետ բնակավայրը գտնվում է համանուն գետի գետաբերանում։ Իսկ Էրերինը ծովեզերքին ընկած հաճելի տեսարաններով հայկական գյուղ էր։ Ուներ արգավանդ հողեր ու մարգագետիններ։

Հայաբնակ գողտրիկ գյուղ էր նաև Լեզքը։ Ըստ ավանդության Լեզք անունը առաջացել է նրանից, որ այստեղ Արալեզ աստվածները Շամիրամի ցանկությամբ կամեցել են կենդանացնել Արա Գեղեցիկին։ Իսկ մյուս՝ Շահբազ բնակավայրը գտնվում է Այգեստանից հյուսիս, փաստորեն Վանի արվարձանն էր հանդիսանում։ Հարուստ էր իր խաղողի այգիներով։ Այս գյուղը համարվում էր Վասպուրականի գինու մառանը։

Վերին Թիմարի արևելյան մասում ընկած գյուղերից նշանավոր էին Արճակը և Խառակոնիսը։ Այս երկու գյուղերը գտնվում են Արճակ լճի մոտ։ Արճակը բարձր է Վանա լճից։ Արճակի ջուրը աղի է, նրա մեջ են թափվում Խառակոնիս, Խնո և Մալավու գետակները։
Արճակը Հայկական բարձրավանդակի մյուս լճերի նման պարբերաբար բարձրանում է։ Լիճը մոտեցել էր Խառակոնիս գյուղին։

Արճակը հայաբնակ գյուղ էր. ընկած էր համանուն լճի արևելյան ափին, Վանից Իրան տանող ճանապարհի վրա։ Արճակը հանդիսանում էր Վերին Թիմարի կենտրոնը, որտեղ նստում էր թուրքական մուդիրը։ Արճակից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի համանուն լիճը։ Գյուղի մոտ գտնվող վանքերից նշանավոր է ս. Աստվածածինը։ Արճակ լճի հյուսիս-արևելյան ափին է գտնվում Խառակոնիսը։ Գյուղի կենտրոնական մասում, մի բարձրադիր բլրի վրա գտնվում է եկեղեցին։ Այստեղ է միջնադարի հայ ականավոր բանաստեղծ Նահապետ Քուչակի գերեզմանը։ Դամբարանի վրա գրված է, որ այստեղ թաղված են Նահապետ Քուչակը և իր կողակիցը։ Խառակոնիսի ծնունդ էր սովետահայ անվանի բանաստեղծ Նաիրի Զարյանը։

Հայոց Զոր.— Հայոց Ձորը Վասպուրանանի պատմական Երվանդունիք գավառն է, ընկած է Վանից հարավ։ Պաշտպանված է լեռներով, միջով հոսում է Խոշաբ (Անգղ) գետը։ Իր քաղցրահամության պատճառով, օտարներից ստացել է Խոշաբ անունը (խոշ-քաղցր, և աբ–ջուր, այսինքն՝ քաղցր ջուր): Խոշաբ կամ Անգղա գետը բխում է Անձևացյաց լեռների արևելյան մասից, թափվում է Վանա լիճ։
Հայոց Ձորի Վերին Բժնկերտ գյուղի մոտ մի ժայռի տակից բխում են մի քանի աղբյուրներ, որոնք դառնում են հայտնի Շամիրամա գետի սկիզբը։ Շամիրամա ջուրը Հայոց Զորը բաժանում Է երկու մասի՝ Վերին Հայոց Ձոր և Ներքին Հայոց Ձոր։ Հայոց Ձորը Վանի ավազանի հայաշատ մասերից էր, որի բնակիչները հնուց ի վեր եղել են հայերը։ Հայ ժողովուրդը այստեղ գտնվող շատ բերդեր ու վայրեր վերագրում է Հայկի հետ կապված ավանդությանը։

Հայոց Ձորը անցյալում հարուստ երկրագործական շրջան էր։ Կլիման բարեխառն է, օդը բարերար, ջուրը լավ և հողը բարեբեր:
Բնակավայրերից նշանավոր Է Անգղ գյուղը, որը գտնվում է Խոշաբ գետի աջ ափին։ Հայաբնակ գյուղ էր նաև Այգեշատը՝ գեղեցիկ տեսարաններով, մարգագետիններով և խնձորի այգիներով։ Իսկ Անգղ գետի մոտ՝ Աստվածաշեն գյուղից ոչ հեռու կան հանքային ջրեր։ Աստվածաշենը հայտնի էր իր վանքով։ Գյուղի մոտ մի լեռան վրա գտնվում է Հայկի բերդը, ուր ըստ ավանդության տեղի է ունեցել Հայկի և Բելի կռիվը։
Հայոց Ձորի և Ոստանի սահմաններում է գտնվում Արտոս լեռը, որն ամենաբարձրն է այս շրջանում։ Կանաչազարդ է և աղբյուրներով հարուստ Արտոս լեռը։ Նրանից բխող գետակները և աղբյուրները ոռոգում են Հայոց Ձորի և Ոստանի դաշտերը։
Նորդուզ.–– Պատմական Անձևացյաց գավառն է, ընկած է Շատախից արևելք։ Անդնդախոր ձորերով, անհատակ անձավների երկիր է։ Ի դեպ, անձավների առատության պատճառով էլ հին Հայաստանում կոչվել է Անձևացյաց երկիր։ Բնակչության հիմնական զբաղմունքն էր խաշնարածությունը։ Հայտնի էին Նորդուզի այծերը, որոնք տալիս էին ընտիր տեսակի՝ «ֆիլիկ» կոչվոր բուրդ։ Բնակիչները զբաղվում էին շալագործությամբ։ Գավառն ունի շատ հուշարձաններ, այդ թվում նշանավոր Հոգոց վանքը։ Բացի հայերից գավառում ապրում էին նաև ասորիներ, որոնց կենտրոնական ավանը համարվում էր Օրամարը։
Գավառով անցնում է Կարսիկ գետը, որը Տիգրիսի վտակն է։ Պատմական Հայաստանի սահմանամերձ գավառն է եղել, գտնվելով Պարսկաստանի սահմանագլխում։ Գավառի ամենամեծ գյուղն է Փիրբադալան։

Աղբակ.– Աղբակը ընկած է Հայոց Ձորից հարավ-արևելք, կոչվում է նաև Հեքյարի։ Հայոց Ձորից բաժանում են Չուխ լեռները։ Աղբակի դաշտային մասը հասնում է մինչև Մեծ Զաբ գետը։ Աղբակը սահմանակից է Իրանին։ Աշխարհագրական դիրքը գեղեցիկ է, կան նաև լեռներ։ Ջրառատ ու բերրի երկիր է։ Կլիման առողջարար է՝ ցուրտ ձմեռներով: Տեղացիները հաղթանդամ, առույգ ու կորովի էին։ Բնակիչների զբաղմունքն էր խաշնարածությունը, շալագործությունը։
Գավառի կենտրոնն էր Բաշկալեն։ Գավառում կան Արծրունյաց շատ բերդերի և ապարանքների ավերակներ։ Այս գավառումն է նշանավոր ս. Բարդուղիմեոս վանքը։ Այստեղ են գտնվում նաև Խանասոր քաղաքի փլատակները։
Ջուլամերիկ. – Նորդուզից հարավ-արևելք, իսկ Աղբակից հարավ, ընկած է ասորիների անառիկ երկիրը, որը հիշեցնում է Դերսիմը կամ Սասունը։ Անառիկ շրջանը, կենտրոնի՝ Ջալամերիկի անունով էլ կանվանենք Ջուլամերիկի շրջան։ Հարավից սահմանափակված է Զելուր կոչվող լեռնաշղթայով։ Լեռները խիտ ճյուղավորվելով առաջացրել են նեղ հովիտներ ու առանձին գավառակներ, որոնք հայտնի են Թիար, Թխում, Թաղ, Զելու, Դեզ անուններով։ Սառնորակ աղբյուրներից արագահոս վտակները գրեթե ամեն մի լեռան լանջից գլորվում են դեպի Մեծ Զաբ գետը, որը հազարավոր պտույտներ է կատարում՝ ենթարկվելով Զելուի լեռների քմահաճույքին։

Նեղ հովիտներում շարան-շարան ձգվում էին ասորական գյուղերը։ Ասորիները կազմում էին Ջուլամերիկի շրջանի բնակչության 95 տոկոսը, որոնց թիվն այս շրջանում հասնում էր 41000-ի։ Ջուլամերիկի ասորիները զբաղվում էին խաշնարածությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Պտղատու ծառերի մեջ նշանավոր են ընկուզենին, խնձորենին, տանձենին, դեղձենին և նռենին։ Փոխադրական միջոց օգտագործում էին ջորին։
Ասորիների երկերը կառավարվում էր մելիքներով։ Նեստորական ասորիների կրոնապետը կոչվամ էր Մար–Շիմոն, որը միևնույն ժամանակ նրանց քաղաքական պետն էր։ Վերջին Մար-Շիմոնը Բենյամինն էր, որը նստում էր Քոչհաննես գյուղում։ Գավառական կենտրոնը Ջուլամերիկն էր, որը գտնվում էր Մեծ Զաբի աջ ափին։
Ռշտունիք.— Արտոս լեռան կանաչազարդ լանջերին է փռված պատմական Ռշտունյաց գավառը, որը ընկած է Վանա լճից հարավ։ Նրա մեջ մտնում են Ոստան և Գավաշ գավառակները։ Առանձնապես շատ մեծ է Ոստանի պատմական անցյալը, որը հայաբնակ ու ծաղկած երկիր է եղել։ Ոստանը ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ թե Արտոս լեռան ստորոտում` Չարահան կամ Չաղար ս. Նշան վանքը, որի բակում է գտնվում պատմագիր Եղիշեի գերեզմանը, և թե Ոստանի շուրջը։

Ոստանն իր ծաղկման փառքին հասավ Գագիկ Արծրունու ժամանակ։ Նա քաղաքը աթոռանիստ դարձրեց, կառուցեց բազմաթիվ շենքեր և ամրոցներ։ Այդ մասին Թովմա Արծրունին վկայում է. «Բացի Վասպուրականի զանազան կողմերում ամրոցներ, ապաստարաններ և բլուրներ պարսպելը, մասնավորապես Ոստան ավանի մեջ, Արտոս լեռան վրա, մանավանդ ծովի կողմը մեծամեծ շենություններ կատարեց։ Այգիներով, պարտեզներով զարդարելուց հետո, հմուտ արհեստավորների ձեռքով կառուցել տվեց ոսկեզարդ տաճարներ, սենյակներ, փողոցներ։ Շենքերի դռները առհասարակ կազմված էին կամարաձև և լուսանցույց զարդերով, որ արևածագի և վերջալույսի ժամանակ շողեր կարձակեին տաճարը մեջ և հիացում կպատճառեին դիտողին»։

Ոստանի վրայով է անցնում Վանից Բիթլիս տանող ճանապարհը։ Քրդական հալածանքների հետևանքով Ոստանի միայն դաշտային մասերն էին հայաբնակ։ Թե Ռշտունյաց գավառի և թե հարավի մյուս լեռնային շրջանների հայերին վանեցիք վռշիկ էին ասում։ Այդպես էին կոչում, որովհետև այդ գավառների բնակիչները մեծ մասամբ հագնում էին մի տեսակ կոշիկ, որի անունն է վռշիկ։ Դա կանեփի դիմացկուն թելից գործված կոշիկ է, որը լեռնական բնակիչների համար շատ հարմարություններ ուներ։

Ոստանը գտնվում է Արտոս լեռան լանջին, այգիներով ծածկված մի բնակավայր է։ Հրվանդանի վրա կանգուն են մնացել այդ վաղեմի թագավորանիստ քաղաքի հուշարձանները։
Նարեկը գտնվում է լճից հարավ, մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա, ոչ բարձր բլրին, ուր գտնվում է համանուն վանքը։ Այստեղի դպրավանքն է հաճախել տասնմեկերորդ դարի հայտնի մատենագիր Գրիգոր Նարեկացին, որի գերեզմանն էլ հենց այդ վանքի գավթում է։ Գյուղից ոչ հեռու գտնվում են ժայռոտ այրեր, որոնցից մեկում ապրել և ստեղծագործել է Գրիգոր Նարեկացին։
Ժայռի դիմաց բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի Աղթամար և Առտեր կղզիները։
Վանա լճի հարավ-արևելյան մասում է գտնվում Առտեր կղզին։ Իր ժամանակին կղզին ուներ եկեղեցի, վանք, վարժարան։ Կղզու վանքը ուներ ճոխ մատենադարան, հին մագաղաթյա գրքերով լցված։ Կղզու մշակելի տարածություններում կային նշենիներ, որոնց պտուղը՝ նուշը շատ գովելի էր։
Կղզու Առտեր անվանման մասին կա հետևյալ ավանդությունը: Ըստ ավանդության, Գրիգոր Նարեկացին ծովափին պտույտի ժամանակ հանդիպում է մի ծերանու, որը խնդրում է իրեն տանել կղզի։ Ըստ ավանդության, այդ ժամանակ կղզին ցամաքից բաժանված էր ծանծաղ տարածությամբ։ Նարեկացին ծերանուն վերցնում է շալակը և տանում կղզի։ Ըստ ավանդության, կղզում ծերութին այլափոխվում է և հայտնվում է Հիսուսի լուսավոր դեմքով։ Նարեկացին երջանկությունից այլայլված գոչում է. «Հոգիս առ, տեր»։ Ահա այս ավանդապատումից է մնացել կղզու Առտեր անվանումը։

Կարճկան և Կարկառ.— Այս երկու շրջանները ընկած են Ռշտունյաց երկրի Գավաշ գավառից արևմուտք։ Նրանք ընկած են Մոքսից և Խիզանից հյուսիս, իսկ Դատվանից արևելք։ Կարճկանը Ռշտունյաց երկրից բաժանվում է Կարկառի լեռներով։ Օդը և ջուրը առողջարար են։ Անտառը գավառի կյանքում մեծ դեր է խաղում։ Կարճկանցիք մեծ չափով ածուխ էին արտահանում։ Անտառները հարուստ են բազմապիսի թռչուններով ու գազաններով։ Բնակչության զբաղմունքը կազմում է նաև անասնապահությունը և հողագործությունը։ Կարճկանի յուղը և պանիրը գնում էր Վան և Բիթլիս։ Հանքերից կարևոր են պղինձը, կապարը և արծաթը։ Կարճկանցիք բարձրահասակ, պարթև և ուժեղ ժողովուրդ էին։ Զարդարվում էին իրենց գործած գույնզգույն շալե հագուստներով։
Գավառում կան հնության շատ հետքեր՝ բուրգեր, վանքեր և այլ հուշարձաններ։
Ինչ վերաբերում է Կարկառին, ապա նա գտնվում է պատմական Հաղթած լեռան ստորոտում։ Գյուղերը ընկած են արևելքից–արևմուտք ձգվող ձորահովտում, սրով հոսում է Տիգրիսի վտակներից մեկը։
Մոկաց աշխարհ.— Մոկաց երկիրը ոչ միայն Վանի շրջանի, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանի ամենաքիչ ուսումնասիրված և քիչ մատչելի մասն է։ Սա մի լեռնաշխարհ է իր խորհրդավոր ձորերով ու անտառապատ սարերով։ Արտոս լեռան մի ճյուղը բաժանում է Մոկսը Ռշտունիքից։ Այս երկրի լեռնահովիտներում աճում են նուռն ու խաղողը, իսկ սարերում ձյունն ամռանն էլ չի հալվում։ Ճանապարհները միայն նեղ ու դժվարին կածաններ են։
Բազմաթիվ մեծ ու փոքր ջրվեժներից առաջանում է Մոկս գետը, որը հոսում է դեպի Տիգրիս։
Մոկսը ամբողջ Արևմտյան Հայաստանում գովված էր իր մեղրով, մեղրամոմով, չամչի տեսակներով։ Զարգացած էր մետաքսագործությունը և այծաբուծությունը, հատկապես «չուռ» տեսակի այծը, որի բրդից հայերը պատրաստում էին Մոկսի նշանավոր շալերը։ Բնակավայրերից նշանավոր են Մոկսը, Աղինն ու Ապարանքը։ Մոկսը գտնվում էր Տիգրիսի աջ վտակ Մոկս գետի վրա, ուներ անառիկ ու գեղեցիկ դիրք, նա գավառի կենտրոնական գյուղն էր։

Մոկացիք անվեհեր, կտրիճ ու աշխատասեր ժողովուրդ էին։ Ունեին իրենց ավանդությունները, գեղեցիկ պարերը։. Մոկացիների լավագույն ավանդություններից է «Մոկաց Միրզա» պոեմը։ Այս դյուցազներգությանը իր ժամանակին ձայնագրված է Կոմիտասի կողմից։ Հայերը, մեծ մասամբ, զբաղվում էին շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և ներկարարությամբ։
Մոկսի ձորերում խմբված, թվով քսան հայկական գյուղեր կազմում էին «Շենի-Ձոր» գյուղախումբը։ Տեղացիներն ամբողջապես դարբիններ և պղնձագործներ էին, որոնք մշակում էին գլխավորապես Մոկսի հարուստ հանքերը։
Արհեստավորները և գյուղական խմբերը մի շարք արհեստներ ու մշակման ձևեր պահում էին գաղտնի։ Դա հիշեցնում է ռուս տնայնագործներին, որոնք փոխադարձաբար թաքցնելով իրենց արտադրական գաղտնիքները, նույնիսկ գյուղից գյուղ աղջիկ չէին տալիս կնության։ Նման դեպքերի մենք հանդիպում ենք Լիվինգստոնի նկարագրություններում՝ Աֆրիկայի վերաբերյալ։ Այստեղ նույնպես դարբինների գյուղերը խուսափում էին իրենց արհեստի գաղտնիքը տարածելուց։
Վանա լճի ավազանից (Գավաշ) Մոկս անցնելիս ճանապարհը անցնում է Եղերովն լեռան լեռնանցքով։ Այս լեռնանցքում է գտնվում Փութկու (Փոթորկի) ս. Գևորգ վանքը։ Ինչպես ցույց է տալիս անունը (Փոթորկի), սա ծառայում է իբրև ապաստարան ճանապարհորդների համար՝ փոթորիկի ժամանակ։ Զմռանը, սաստիկ ձյան ու սառնամանիքների պատճառով ճանապարհորդները շաբաթներով մնում էին այստեղ։ Շատ վաղուց սովորություն էր դարձել վանքում պահել աքաղաղներ և ձմռանը մինչև աքաղաղը չկանչեր, ոչ ոք ճանապարհ չէր գնա։ Այս տեսակետից, նա նմանվում է Շվեյցարական Սեն–Բերնարին։
Մոկսին արևմտյան կողմից սահմանակից է Ապարկերտ գավառակը։ Այս անունը գավառակի պատմական անվանումն է։ Ապարկերտը իրենից ներկայացնում է մի ընդարձակ դաշտ, ուր ընկած էին թվով տասը հայկական գյուղեր։ Գյուղերից նշանավոր է Ժաժվանքը, իր հին վանքով։ Չնայած Ապարկերտը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ, բայց ավելի շատ կապված էր Վանի հետ։
Խիզան.— Խիզանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Խիզանը համապատասխանում է պատմական Աղձնիքի Գզեխ գավառին։ Խիզանը իր մեջ է առնում հետևյալ գավառները՝ Կարկառ, Շենքձոր, Ապարկերտ, Մամրտանք, Նզար և Խորորս։ Խիզանը նշանավոր է իր գեղեցիկ տեսարաններով, անտառապատ լեռներով, առողջարար օդ ու ջրով։ Հայաբնակ գյուղերից էին՝ Փալասեր, Լի, Ուրանիս, Շին, Հրիթ, Կարասու։
Խիզանցի հայերը համարվել են գեղեցիկ ժողովուրդ: Նրանք պարթև հասակով, կտրիճ ռազմիկներ էին։ 1877— 1878 թվականներից սկսած, հալածանքների–հետևանքով նրանց թիվը պակասեց։ Մեծ ավերվածություններ կատարեց նաև և քրդական ավազակապետ Զալալեդինը, որը 1878 թվականին քարուքանդ արեց Խիզանը և այդտեղ գտնվող հայկական հուշարձանները:
Հայերը մշակում էին ընտիր պտուղներ, մանավանդ գովված էր Խիզանի գինին։ Մյուս կուլտուրաներից հայտնի էին գարի, ցորեն, ծխախոտ։ Տարածված էր նաև մեղվաբուծությունը։
Շատախ.— Արևմտյան Հայաստանում Շատախ անվան տակ հայտնի են երկու գավառներ՝ Շատախ Վանի և Շատախ Տարոնի։
Վանի Շատախն ընկած է Մոկսից արևելք, բաղկացած է լեռնային ու դաշտային մասերից։ Լեռնային մասն ունի խոր ձորեր, որոնց տեղացիները անվանում են «Գելի»։ Դրանք անտառապատ են և վայրի բնություն ունեն։ Շատախը շատ հարուստ է հանքերով, հատկապես պղնձով, Շարմանիս գյուղի մոտ նաև քարածուխ կա։ Շատախի սահմաններից է սկիզբ առնում Տիգրիսի վտակներից մեկը՝ Շատախ-Սու գետը, պատմական Ջերմ գետը, որի պատճառով էլ այս գավառը կոչվել է Ջերմաձոր։
Հայերը պարապում էին խաշնարածությամբ։ Նշանավոր էին Շատախի ֆիլիկ տեսակի այծերը, իրենց նրբագեղ բրդով։ Շատախը նշանավոր էր շալի արտադրությամբ և մեղվաբուծությամբ։ Շատախցիք պատրաստում էին լավ տեսակի աբաներ (տղամարդկանց հագուստ)։ Շատախցիները առաջադեմ և գրագետ էին, ունեին տղաների և աղջիկների դպրոցներ։ Գավառի հյուսիս–արևմտյան մասում գտնվում է Փեսանդաշտ հարթավայրը, որի բնակիչները զբաղվում էին հողագործությամբ:
Բնակավայրերից նշանավոր էր Շատախը, որը հայերը անվանում էին Թաղ։ Վերջինս ունի անառիկ դիրք, ամբողջապես հայաբնակ էր և բավականին առաջադեմ ավան էր։ Ինչ վերաբերում է պատմական Շատախ գյուղին, ապա նա ընկած էր թաղից արևելք, կիսավեր վիճակում։ Թաղը Վանից հետո, Վասպուրականի երկրորդ բարեկարգ կենտրոնն էր։ Տները՝ երկհարկանի։ Թաղեցիները համարվում էին ուսում սիրող մարդիկ։ Սեփական ամսագրեր էին հրատարակում (խմորատիպ)։ Թաղի քարաշեն կամուրջի արձանագրությունները վկայում են, որ նա կառուցվել է Արծրունիների ժամանակ:
 
Դատվան.–Դատվանը ընկած է Վանա լճի հարավ-արևմտյան մասում։ Գավառի կարևոր բնակավայրն է Դատվանը, որը հարմար նավահանգիստ է լճի արևմտյան ափին։ Այս նավահանգիստը ծառայում է Բիթլիսի և Մուշի ապրանքները տեղափոխելու՝ համար։ Այժմ Դատվանի և Վանի միջև երթևեկում է երկաթուղային լաստանավ։ Դատվանը Բիթլիսից բաժանվում է Ռահվայի սարահարթով։ Այս սարահարթը իր կլիմայով տարբերվում է Դատվանից։Դատվանի հանդիպակաց լեռան վրա գտնվում են Արծրունյաց Սենիքերիմ թագավորի ամառանոցի հսկայական ավերակները:

Դատվանի և Խլաթի շրջաններում բարձրանում է Նեբրովթ (Նեմրութ Դաղ) սարը, որը ունի 2490 մետր բարձրություն։ Սարը քրդերի մոտ հայտնի է Ճիվայե-Նեմրովթ անունով, իսկ արաբական ճանապարհորդների մոտ «Ջեբելի Նեմրութ»։ Նրա հարավային զանգվածը կրում է առանձին անուն՝ Գռգուռ։ Նեմրութն ու Գռգուռը տեղադրված են Վանա լճի և Մուշի դաշտի միջև։ Նեմրութի զանգվածում կան թվով յոթը լճեր, բոլորն էլ անուշահամ։
Գռգուռից հարավ, Դատվանի ուղղությամբ, խոր ձորում ձգվում է ժայռերի մի շարան, որն ուղտերի մի հսկայական քարավան է հիշեցնում, որի համար էլ կոչվում է «Ուղտի քարեր»։ Այդ «քարավանի» մասին հայ Ժողովուրդը շատ առասպելներ է հորինել։
Ախլաթ (Խլաթ).— Այս գավառը ընկած է լճի «հյուսիս-արևմտյան մասում՝ Ծղակ հրվանդանից մինչև Ալջավազի սահմանները։ Վարչական նպատակներով այս շրջանը բաժանված է հինգ մասերի։ Երկիրը բավական հարթ է, հողը արգավանդ (հողմնահարված լավաների վրա գոյացած սևահող), կլիման բարենպաստ, ջրերով առատ։ Այգիներում աճում են լավորակ մրգեր՝ տանձ, խնձոր, ծիրան, կեռաս և այլ մրգեր։ Հացահատիկներից՝ ցորեն, կորեկ, բրինձ։ Նշանավոր է Խլաթի «դիր» տեսակի ցորենը։ Հարուստ է նաև շինանյութերով։ Խլաթը իր աշխարհագրական դիրքով և բնությամբ լճի շուրջը եղած վայրերից ամենագեղեցիկն է։

Խլաթը պատմական Բզնունյաց հին բերդաքաղաքն է։ Այդ բերդի հետքերը գտնվում են ձորում։ Նա ժայռի մեջ կերտած սենյակներ ունի։ Միջին դարում առևտրական շատ կարևոր կենտրոն էր։ Մեր պատմաբանների մոտ հայտնի է որպես քաղաքն Բզնունյաց։ Խլաթը այն կարևոր բերդաքաղաքներից է, որը բազմաթիվ պատերազմների թատերավայր է եղել։ Քաղաքը ժամանակին ավերվել է թուրք–պարսկական պատերազմների հետևանքով, կորցրել է իր նշանակությունը և վերջում վերածվել գյուղի, որն մի մասում քրդեր էին ապրում։
Մյուս գյուղերից նշանավոր էին Թեղուտը և Ադաբախը։ Թեղուտը գտնվում էր Բիթլիս տանող մեծ ճանապարհի վրա։ Հայտնի է իր ս. Հովհաննես վանքով։ Թեղուտը մեծ վնասներ է կրել 1881 թվականին տեղը ունեցած երկրաշարժից։ Այս գավառի մեջ մտնում է Նազիկ լիճը, որը այդ անունը կրում է իր նազելի դիրքի պատճառով։ Լիճը անուշահամ է ու ձկնառատ։ Գտնվում է ծովի մակարդակից 1922 մետր բ արձր ո ւթյա ն վրա:
Ալջավազ (Արծկե).— Ալջավազը արևմտյան կողմից սահմանակից է Ախլաթին, հյուսիսից՝ Բուլանըխին և Մանազկերտին, իսկ արևելքից՝ Արճեշին։ Կլիման բարեխառն է ու առողջարար, բացի լճի մերձափնյա մասից, որտեղ եղեգնուտներ կան։ Պատմաբանները Ալջավազի շրջանը համարում են պատմական Խոռխոռունիքը։ Գավառի հյուսիսում բարձրանում է գեղեցիկ Սիփանը՝ հայ ժողովրդի երկրորդ Մասիսը։ Սիփանն ունի 4434 մետր բարձրություն։ Մեծ Մասիսից ցածր է 722 մետրով։ Նրա սրածայր գագաթը ամբողջ տարին ծածկված է ձյունով։ Լեռը այդպես է կոչվել Սուբարիների անունից, որոնք ապրել են հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասում։

Վանի ակազանի ամենագեղեցիկ մասերից մեկը Սիփանից դեպի Արծկե (Ալջավազ) բացվող տարածությունն է։ Գավառի հացի շտեմարանը Ալջավազն է, որը գովված է իր ցորենի ընտիր տեսակներով։ Ցորենը մեծ չափով արտահանվում էր դեպի Վան։
Այգեգործությունից կարևոր է ծիրանի և ընկույզի մշակումը։
Բնակավայրերից նշանավոր է Ալջավազը, որը պատմական մեծ անցյալ ունեցող քաղաք է։ Հայտնի է եղել դեռ 5-րդ դարից, ունեցել է երկու բերդ, որոնցից մեկը մնացել է լճի տակ, իսկ մյուսը գտնվում է լեռան գագաթին՝ կերտված քարից։ Սիփանի ստորոտում ամենուրեք գտնվում են վանքեր՝ Սքանչելագործ, Նավկավանք, Ավերվանք։

Արճեշ.– Այս գավառը գտնվում է Վանա լճի ծայր հյուսիսում, պատմական Հայաստանի Քաջբերունի գավառում։ Հին Հայաստանում կոչվել է նաև Արճիշահովիտ։ Գավառը շրջապատված է Արծկե, Մանազկերտ, Ալաշկերտ, Պայազիտ և Բերկրի գավառներով։ Արճեշի հյուսիսային մասում իշխում են Ծաղկանց լեռները (Ալա–Դաղ)։ Գավառը ջրառատ և բարեբեր երկիր է։ Գետերից նշանավոր է Արճեշը։
Արճեշ գավառի դաշտային մասի բնակչությունը (հայերը) զբաղվում էին ցորենի մշակությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Այս գավառի մեջ մտնող պատմական Արճեշ քաղաքը միջնադարում հայտնի է եղել որպես նշանավոր առևտրական կետ Հայկական բարձրավանդակի հարավային մասում։ Ըստ Հ. Մանանդյանի, Արճեշը դասվել է Հարավային Հայաստանի այն նշանավոր քաղաքների շարքը, որոնք ընկած են եղել Խոյ–Մալաթիա տրանզիտային մեծ ճանապարհի վրա1։ Միաժամանակ նա եղել է Վանա լճի շուրջը գտնվող յոթ նշանավոր բերդերից մեկը։ Նա ուրարտական շրջանի Արսիսան է։ Ժամանակի ընթացքում Արճեշը մնաց ջրի տակ, երբ 19-րդ դարի առաջին քառորդում լճի մակերեսը սկսեց բարձրանալ։ Արճեշի փոխարեն զարգացավ ափից հեռու գտնվող Ականց ավանը, որին Արևմտյան Հայաստանում տալիս են նաև Արճեշ անունը։ Ականցը գտնվում է Վանից հարյուր կիլոմետր հռու։ Ականցի վրայով է անցնում Էրզրում-Վան տանող ճանապարհը։

Արճեշի հայերը իր ժամանակին թուրքերի կողմից ենթարկվել են մեծ հալածանքների, որը սկսվել էր դեռ միջին դարերից, հատկապես բերդին տիրելու համար։ Հայերի մի մասը շատ վաղ անցյալում գաղթել է Ռումինիա և Վալախիայում հիմնադրել նույնանուն ավանը։ Ըստ Թ. Թորամանյանի արճեշցիները իրենց հետ Ռումինիա էին տարել այն ժողովրդական ավանդությանը, որ հայ ժողովուրդը կապում է մի շարք հոյակապ պարիսպների և տաճարների կառուցման հետ, այդ թվում և Վասպուրականում՝ Աղթամարի։ Ըստ այդ ավանդության պարսպի կառուցման ժամանակ նրա հիմքի մեջ պետք է դրվեր կենդանի աղջիկ, այլապես պատը կքանդվեր։ Այդ ավանդությունը վերածվել է ոտանավորի.

«Շարեցին, մորքուր ջան, շարեցին
Մինչև, ծնկներս քարեցին
Ազատիր, մորքուր, ազատիր,
Մատաղ կյանքս խնայիր»։

Այդ մասին Թորամանյանը այսպես է ասում. «Արդյոք կապ չունի այս ավանդությունը Հայաստանը Արճեշին հետ և Արճեշով ալ անոր շատ մոտիկ Աղթամար կղզվույն մեջ շինված ծովային պարիսպներուն հետ, որ, ըստ Թովմա Արծրունվո, գերմարդկային հրաշքներ էին ճարտարապետ Մանվելի ձեռքով իրագործված։ Արդյոք Հայաստանի, մասնավորապես Վասպուրականի մեջ համբավ ու հռչակ ունեցող Մանվելը չէ՞ Ռումինիայի Արճեշի ավանդության պատմած Մանոլը: Ժամանակագրական դեպքերը և ավանդության պատմվածքը նմանությունները այնչափ համոզիչ են, որ ես կուզեմ հավատալ, թե Վասպուրականցի հրաշագործ Մանվելն է քանի մը դար հետո Ռումինիայի ժողովրդի բերնին մեջ Մանոլը փոխված։ Այս մասին քննությունը հառաջ տանիլ և ավելի լուսաբանել կթողում մասնագետներուն»:
Արճեշի գավառի հայաբնակ բնակավայրերից նշանավոր էին Ականց (Արճեշ), Բլուրմակ, Խարկին, Աղիովիտ, Արաֆ, Գրատոմ, Գանձակ, Օրորան, Կտրած-քար, Բերդաթաղ, Սոսկուն և այլ բնակավայրեր։ Ամենից նշանավոր Ականցն էր, որ շրջապատված էր այգիներով, ուներ գեղեցիկ դիրք։ Գտնվում էր Կարին տանող քարավանային մեծ ճանապարհի վրա։ Հայերն ունեին երկսեռ դպրոց։ Արճեշի գավառի մեջ է մտնում Զիլանա նշանավոր ձորը։ Այս ձորով հոսում է Զիլան գետը։ Ձորը ունի վայրի բնություն և հարուստ է ծծմբաջրերով։
Բերկրի — Համընկնում է պատմական Առբերանի գավառի հետ և ընկած է Վանա լճի հյուսիս-արևմտյան մասում։ Արծրունյաց ժամանակ Գագիկ թագավորը այս գավառը նվիրել էր Աղթամարի վանքին։ Շրջանի տնտեսությունում կարևոր դեր է խաղում Առեստ կամ Բերկրի գետը, որը հարուստ է ձկներով։ Բերկրի ավանի մոտ, գետի վրա կա հինավուրց մի կամուրջ։ Հողերը արգավանդ են և երկիրն իր ժամանակին հայաշատ վայրերից էր։ Գավառը հարուստ է քարածուխով։ Գլխավոր բնակավայրն է Բերկրին, որը գտնվում է Վանից յոթանասունյոթ կիլոմետր հեռու։ Հնում Վասպուրականի նշանավոր քաղաքներից մեկն էր։ 1914 թվականին, պատերազմի նախօրեին մեծ ավան էր. հայերի թիվը հասնում էր երկուսուկես հազարի։

Բերկրիից ոչ հեռու, գետի մյուս ափին բարձրանում էր ս. Ստեփաննոս վանքը։ Բլրի վրա գտնվում էին Աստվածամոր տաճարի ավերակները։ Այս գավառի մեջ էին մտնում Աբաղայի նշանավոր դաշտը, Տեր-Հուսկան-Որդու անունով վանքը և Գործովթ գյուղը, որը բազմամարդ, հարուստ և նշանավոր հայկական գյուղ էր։ Գյուղը այնքան հարուստ էր, որ նրա մասին Վանի և Բայազետի շրջաններում խոսում էին առանձին ընդգծումով։ Երբ հայը կամ քուրդը ցանկանում էր հարստության չափի օրինակ բերել, ասում էր` կարծես Գործովթի նախիրն է։ Գործովթում կային թվով վեց հայկական վանքեր, որոնք ավերվել էին Ջալալեդինի արշավանքների ժամանակ։ Գործովթի դիմաց կային հինավուրց բերդի ավերակներ։ Գործովթի բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ։ Գյուղի մոտ կան նավթի և ծծումբի հանքեր։

Ընդհանրապես Վասպուրական աշխարհը, որը փռված է Վանա լճի շուրջը, իր ժամանակին եղել է ծաղկած ու բարգավաճած։ Վանա ծովին շրջապատող գավառներում կան հայկական բազմաթիվ հիշատակների մնացորդներ, որոնք ճշմարտատատում, լուռ վկաներ են հայ ժողովրդի մտքի ու աշխատանքի։
Կամսար Ավետիսյան
 
Просмотров: 132 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Архив записей