Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ են նշում աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները,քանզի բանակն ազգային ու պետական այն կառույցն է, որն իր շուրջն է համախմբում ամբողջ հայությանը: Այսօր մեր բանակն ինքը հասավ զորակոչային տարիքի: Շնորհավոր ծնունդը քո Հայոց Բանակը:
Դժվարին է եղել քո երկունքը: Անցյալ դարի 80-ականների վերջին մենք կրկին ապրեցինք անկախ պետականություն և բանակ չունենալու ողբերգությունը: Սումգայիթում, Արցախում, Բաքվում և ադրբեջանական այլ շրջաններում դարձյալ փայլատակեց յաթաղանը մեր մայրերի, քույրերի, մանուկների ու ծերերի գլխին, դարձյալ մեր հողը պատվեց հայի արյունով:
Ազգային բանակի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր: Բայց քանի դեռ կանգուն էր ԽՍՀՄ կոչվող կայսրությունը, ազգապահպանման այդ կարևոր ձեռնարկը ամեն տեսակի խոչընդոտների էր հանդիպում: Դեռևս 1990 թվին էր պատրաստվել ազգային բանակ ստեղծելու որոշման նախագիծը, սակայն այն չէր իրագործվում: Իրավիճակն Արցախում և Հայաստանի սահմաններին, սակայն, դառնում էր տագնապալի: Կոմունիստական վարչակարգը, ամեն ինչով օժանդակելով ադրբեջանական հրոսակախմբերին, ձգտում էր լռեցնել արդարության ձայնը, խեղդել ազատագրական շարժումը:
Անելանելի վիճակից դուրս գալու նպատակով, ներքին գործերի նախարարության կազմում ստեղծվեծ Հատուկ գունդ, որի մեջ ընդգրկվեցին բոլոր շրջաններիերկրապահ կամավորական ջոկատների ներկայացուցիչները: Հատուկ գունդը պատմական կարևոր նշանակության դեր կատարեց Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության, երկրի ներսում կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ: Իսկ երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ վերակենդանացման ջանքերն ապարդյուն են, իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության կառավարությունն ազգային բանակ ստեղծելու որոշում կայացրեց:
Պատերազմը շարունակվում էր: Երկրապահ կամավորականներն անձնազոհաբար պաշտպանում էին հայրենիքը: Նրանք, իրենց ուսերին վերցնելով թշնամուն դիմակայելու, Արցախն ազատագրելու սուրբ պարտականությունը, հնարավորություն ստեղծեցին կազմավորելու ազգային բանակի առաջին ստորոբաժանումները:
Ստեղծվող զորամասերի զինվորներին անհրաժեշտ էր հանդերձավորել, կերակրել, բնակավորել, զինել և մարզել: Բազում էին դժվարությունները, որոնք հաղթահարվեցին մեր ժողովրդի համբերությամբ, տոկունությամբ, հայության բոլոր հատվածների հավաքական ուժի շնորհիվ: Միևնույն ժամանակ, Արցախին տիրելու համար Ադրբեջանի մեկը մյուսին հաջորդող ռազմարշավները մեզ պարտադրում էին արագ կատարելագործել մեր զորամասերի ունակություններն ու հնարավորությունները, ձեռք բերել համապատասխան դազմական տեխնիկա, զենք ու զինամթերք` այդ թվում նաև հենց ռազմադաշտից:
Պատերազմի ընթացքում բացահայտվեցին հայ մարդու, հայ զինվորի լավագույն հատկանիշները, ռազմարվեստին, զենքին, ռազմական տեխնիկային տիրապետելու ընդունակություններն ու կարողությունները: Հազարավոր կամավորականներ ռազմաճակատ էին մեկնում կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Այս պատերազմում հայ ժողովուրդն Արցախն ազատագրեց և նրա անվտանգությունն ապահովեց միմիայն իր կամքի, ոգու և զենքի ուժով: Ի տարբերություն մեր թշնամու, մենք որևէ մեկից օգնություն և աջակցություն չխնդրեցինք և ոչ մեկին չվարձեցինք մեր խնդիրները իրականացնելու համար: 1994 թ գարնանը հակառակորդը զինադադար խնդրեց, որպեսզի խուսափի ավելի մեծ կորուստներից:
Խաղաղ պայմաններում բանակաշինությունը նոր թափ ստացավ: Արդեն 1995 թ. ամռանը կայցած հայ- ռուսական առաջին համատեղ զորավարժությունը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերում բարձր է մարտունակությունը, և նրանք կարող են համարվել հուսալի գործընկ:
Հետագ տարիներին, շարունակելով ընթանալ կատարելագործման ուղղիով, մեր երկիրը հաջողությամբ լուծեց բանակին առաջադրվող բոլոր պահանջները` սպառազինության մասնագետ կադրերի պատրաստման, թիկունքային ծառայության ամրապնդման, բուժսպասարկման որակի բարձրացման, ռազմական ուսուցման, զորանոցաշինության և այլ բնագավառներում:
Այսօր Հայստանի զինված ուժերի զորամասերն ու ստորաբաժանումները հուսալիորեն պաշտպանում են հայրենիքի սահմանները, լիարժեքորեն կատարում հակառակորդի ռազմաշունչ պլաններին դիմակայելու պատասխանատու դերը և, միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում մարտական ծառայություն են տանում մոլորակի տարբեր պայթյունավտանգ կետերում:
Մեր երկրի խաղաղ և կայուն առաջընթացն ապահով ձեռքերում է:
Արա ԳՐԻԳՈՐՅԱՆ