Կիլիկյան նավահանգիստնեից առավել խոշոր ու հանրահայտը Այաս-քաղաք նավահանգիստն էր, որ ընկած էր Հայոց ծոցի արևմտյան ափի խոր ծովախորշերից մեկում: Այստեղից հյուսիս հառնում են Մսիսի լեռնագագաթները լեռնագագաթները, իսկ ծովախորշում ձգվում էր խութերից ու ծանծաղուտներից բաղկացած մի բնական շղթա, որն ավարտվում է հսկա կոհակաբեկով ու ծովային ամրոցով: Ավելի քան երկու հարյուրամյակ Այասը Կիլիկիայի գլխավոր նավահանգիստն էր: Այս նավահանգիստով էին տեղափոխվում տարանցիկ ապրանքները. մետաքս ու բուրդ, մթերք ու համեմունքներ, Եվրոպայից` զարդեղեն ու զենք, հյուսիսից` մորթեղեն և այլն: Իր աշխարհագրական դիրքը և տարածաշրջանու ունեցած դերի շնորհիվ Այասը Ջենովայի և Վենետիկի հետ կազմում էր միջերկրածովային առաջատար նավահանգիստների եռյակը: Ահա թե ինչ գրառում է կատարյալ իտալացի նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն, որը դեպի Արևելք իր նշանավոր ճանապարհորդության ընթացքում 1271թ. այցելե է Այաս. «Հայերեն ունեն մի քաղաք ծովի վրա, որը կոչվում է Լայաս /Այաս անվան լատինական տառադարձությունն է/: Այստեղ նրանք մեծ առևտուր են կատարում. Բոլոր համեմունքները , մետաքսյա կերպասը, արծաթե և այլ արժեքավոր իրերն ու անոթները, որ գալիս են ներքին գավառներից, բերում են այս քաղաք: Վենետիկի, Ջենովայի և այլ երկրների վաճառականներն այստեղ են գալիս` վաճառելու իրենց ապրանքը և գնելու իրենց պետք եղածը: Եվ ամեն ոք, ով պետք է ճամփորդի խորքերը /այսինքն` Մերձավոր Արևելք և Առաջատար Ասիա/, իր ճամփորդությունը սկսում է այս Լայաս քաղաքից »: Մարկո Պոլոն Այաս էր ժամանել դեպի Ակրա ուղևորության ճանապարհին: Ուշագրավ է այն փաստը, որ Լևոն 3-րդ թագավորը կարգադրել է հատուկ ցռկանավ պատրաստել և դրանով ճանապարհել Մարկո Պոլոյին: 14-րդ դարի արաբ պատմիչ Աբուլ Ֆեդայի վկայությամբ` «Ֆրանկները այլևս չեն մոտենում Սիրիայի ափերին: Նրանք գնում են Այաս, որ պատկանում է քրիստոնյաներին: Այդ պատճառով Այասը դարձել է հռչակավոր նավահանգիստ, առևտրական ուղիների խաչմերուկ: Այասը խոշոր քաղաք է, ունի գեղեցիկ նավահանգիստ, որտեղ կանգ են առնում բոլոր երկրների նավերը»:
Այասն ուներ երկու բերդ. ծովեզրյա Մինա (արաբ. «նավահանգիստ») բերդը գտնվում էր նավահանգիստի կենտրոնում` պարանոցի և ցամաքի միացման հատվածում, և ծառայում էր նավահանգիստ մտնող առևտրական նավերին: Մինա բերդը քառանկյունաձև էր և ուներ միաշարք պարիսպ, որի աշակերտները` իբրև շտեմարաններ վարձակալում էին օտարերկրյա առևտրականները: Ծովային Ճզոր (արաբ` «կղզի») բերդը, որը կոչվում էր նաև Ներսի բերդ կամ Բերդ ծովին, կառուցված էր ափից 500մ հեռավորության վրա գտնվող և նավահանգստի մուտքը փակող կղզյակի վրա և վերահսկում էր նավահանգստի երթևեկն ու մաքսային գործակալության աշխատանքը: Բացի այդ, այն Կիլիկիայի ռազմական նավատորմի խարսխակայանն էր: Կղզյակը նավահանգստի հարավակողմյան ափի հետ միանում է ստորջրյա խոթերի ու խարակների շարանով, որը հիմք է դարձել նավահանգիստը փոթորկից պաշտպանող կոհակաբեկի կառուցման համար: Այասի ռազմանավերը գտնվում էին մարապանի (նավահանգստի պետի) տրամադրության տակ և սովորաբար խարսխված էին Ճզոր բերդի մոտ, սակայն բեռներ փոխադրելիս կառանվում էին Մինա բերդի առաջ:
Այասին մոտեցող նավերը կողմնորոշվում էին նավահանգստի երեք փարոսներով: Այասի մեծ փարոսը քաղաքի վրա իշխող բլրի վրա էր, իսկ մյուս երկուսը` մուտքի փարոսները, բերդերի մերձակայքում:
Նավահանգստ ուներ բաժտուն (մաքսատուն), հարմարավաետ նավամատույց, մթերանոցներ, պաշտոնյաների ապարանքներ վաճառանոցներ, արհեստանոցներ, պանդոկներ ու իջևանատներ: Այասի մաքսատունը խոշոր շահույթ էր ապահովում արքունի գանձարանի համար: Նավահանգստում առևտրական մշտական ներկայացուցչություն ունեին շուրջ երեք տասնյակ պետություններ: Ըստ Ղ. Ալիշանի` օտարերկրյա հյուպատոսներին, առևտրականներին, նոտարներին, դրամափոխներին և այլոց սպասարկելու համար քաղաք-նավահանգստի տարբեր գրասենյակներում աշխատում էին հմուտ թարգմանիչներ, անգամ բացվել էին օտար լեզուների ուսուցման հատուկ դպրոցներ, որոնցից հիշատակենք լատիներենի ուսուցման դպրոցը «Վարժարան լատին լեզվի»: Կիլիկյան Հայաստանի մյուս նշանավոր նավահանգիստը Կոռիկոսն էր, որ գտնվում էր Սելևկիայից մոտ 20կմ հեռու` Մերսինի ծոցի արևմտյան ափին, ուղիղ Կիպրոս կղզու դիմաց: Բնական է, որ այս նավահանգստի միջոցով էր կատարվում տարարծաշրջանի այդ երկու քրիստոնյա պետությունների սերտ համագործակցությունը: Կիլիկյան մյուս նավահանգստից հիշատակել են Բայասը (Պայասը)` Այասի դիմաց` Հայոց ծոցի արևելյան ափին, Սելևկյան` համանուն գետաբերանում, Մամեստին, կամ Մսիսը` Ջահան գետի վրա, Կիլիկյան հայոց թագավորների թագադրության ծիսավայրը` Տարսոնը և տասնյակ այլ նավահանգիստներ: Այս առումով ուշագրավ է, որ 14-րդ դարի վենետիկից պատմիչ և աշխարհագրագետ Մարինո Սանուտո Դարչելոն խաչակրաց արշավանքների մասին իր հեղինակած գրքում նկարագրում է Կիլիկյան Հայաստանի ավելի քան 25 նավահանգիստ: Կիլիկյան թագավորության ռազմական նավատորմիղը բաղկացած էր հիմնականում ցռկանավերից ու բերդանավերից: Ցռկանավերը հունա- հռոմեական նավատեսակ էր` բազմաշար թիերով, ուղիղ առագաստով ու ամուր ցռուկով, որ նախատեսված էր հակառակորդի ռազմանավի կողը հուժկու հարվածով ջախջախելու և այն ջրասույզ անելու համար: Ցռկանավը ուներ իր տարատեսակները` գալերա, տրիերա, տարիդա: Բերդանավը (լատ galleon, որ հայերն անվանում էին ղալէ) փյունիկյան ծագում ունեցող նավատեսակ էր` բարձրադիր և բերդաձև նավախելով: Արաբ պատմագիր Իբն էլ Վարդին Եգիպտոսի սուլթանության զորքերի կողմից 1322թ. Այաս նավահանգստի գրավման նկարագրության մեջ հիշատակում է կիլիկյան երեք ռազմանավերի անունները` «Այաս», «Շամա», «Ատլաս»: Երբ բերդի պարիսպները արաբների քարանետ սարքերի հարվածների տակ սկսում են տեղի տալ, բերդի պաշտպանները այդ ռազմանավերով հասնում են Կիպրոս:
Դեռևս Թորոս 2-րդի օրոք, Կիլիկյան Հայաստանը իր ռազմական նավատորմով, Անտիոքի դքսության հետ դաշնակցած, բյուզանդացիներից գրավել է Կիպրոս կղզին, որը դարձել էր ծովահենների ողջը: Ուշագրավ է այն փաստը, որ հմուտ ծովայիններն էին նաև կիլիկյան թագավորները, և հաճախ նրանք էին մարտի առաջնորդում ոչ միայն կիլիկյան զորաբանակը, այլ նաև ռազմական նավատորմը: Ահա թե ինչ է գրում Կ. Գանձակեցին Լևոն 2-րդի մասին. «Մի անգամ այնպես պատահեց, որ նա գնաց Կիպրոս կղզին իր աներների տեսության: Նրա թշնամիները, որ ցամաքում նրա վրա ներգործել չէին կարողանում, բազմաթիվ նավեր պատրաստեցին, որպեսզի ծովում դավեն նրան: Լևոնը այս լսելով` կրկին ետ դարձավ Կիպրոս, որովհետև ծովի վրա ճանապարհին էր: Վերցրեց իր ռազմական նավերը և եկավ այն դարանը, որ բազմաթիվ նավեր պատրաստ էին նրա համար: Եվ քանի որ իմաստուն է, ճանաչեց թե նավերից, որն էր գլխավորը, հարվածեց նրան իր արագընթաց նավով ու ջրասույզ արեց: Նրա ահը տարածվեց ամենքի` հեռավորների ու մոտավորների վրա»:
Կիլիկյան ռազմական նավատորմը անգործության գրեթե չէր մատնվում. Այն զօրուգիշեր պահպանում էր Կիլիկյան Հայաստանի ծովային սահմանը, ապահովում առևտրանավերի ազատ ելումուտը Կիլիկյայի նավահանգիստներ: Կիլիկյանա ռազմանավերի կարևորագույն խնդիրներից էր նաև Միջերկրական ծովույմ վխտացող ծովայենների նավերի հետապնդումն ու անխնա ոչնչոցումը: Ծովահենների ահից վաճառականները հաճախ թանկարժեք ապրանքներ փոխադրում էին բերդանավերով: Կիլիկյան Հայաստանը ձգտում էր միավորել Ջենովայի, Վենետիկի, Անտիոքի դքսության, Եգիպտոսի սուլթանության միջերկրածովյան մյուս երկրների ջանքերը` ծովային այդ չարիքի` ծովահենության դեմ համատեղ պայքարելու համար:
Կիլիկիայի թագավորները պայքարում էին նաև այսպես կոչված «Առափնյա իրավունքի` մի չգրված օրենքի դեմ, ըստ որի` ծովափի տերը անարդարացի իրավունք էր ստանում իր ափի մոտ նավաբեկության ենթարկված նավի բեռների, անձնակազմի և ուղևորների նկատմամբ: Կիլիկյան Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը հրաժարվեց այդ հակաիրավական օրենքից` ձգելով ազգամիջյան փոխհարաբերությունները զարգացնել բացառապես իրավական նորմերի հիման վրա: Դրանով այն խոշոր ներդրում ունեցավ հարևվան պետությունների հետ արդարացի և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու գործում:
Կիլիկյան հայկական պետության կործանումից հետո կիլիկահայերը զանգվածաբար բռնեցին տարագրության ուղին` իրենց հետ օտար ափեր տանելով նավագնացության բնագավառում ձեռք բերած հարուստ փորձն ու հմտությունը: Եվ բնավ պատահական չէ, որ հետագա դարերից աշխարհի տարբեր երկրներում տեղեկություններ են պահպանվել հայ նավաշինարարների, ծովագնացների, նավապետների ու ծովակալների մասին:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
|