Կամավորական խմբերն առաջին աշխարհամարտում - 4 Февраля 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Февраль » 4 » Կամավորական խմբերն առաջին աշխարհամարտում
15:15
Կամավորական խմբերն առաջին աշխարհամարտում
1914թ. հուլիսի 23-ի հրովարտակով Նիկոլայ 2-րդը թույլատրեց ազգային, այդ թվում նաև հայկական, կամավորական զորամասերի կազմավորումը: Սկսվեց աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր հայ կամավորների հոսքը դեպի Կովկաս: Գալիս էին Ռուսական կայսրության տարբեր քաղաքներից, Բուլղարիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից և այլ երկներից: Զինվորագրվել և օր առաջ ճակատ մեկնել ցանկացողների քանակը նախատեսվածից անհամեմատ ավելին էր:

Միևնույն ժամանակ, հատուկ որոշմամբ ներում շնորհվեց քաղաքական հետապնդումների պատճառով վտարանդի դարձած հայ ազգային գործիչներին և հայդուկային շարժման ակնառու ներկայացուցիչներին, որոնք ևս ներգրավվեցին համազգային այս խոշոր ձեռնարկի մեջ: Օգոստոսին Վառնայից ժամանեց Զորավար Անդրանիկը, ով, ըստ նախնական պայմանվորվածության, պետք է ոչ միայն ստանձներ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարությունը, այլև, մարտական գործողությունների նախապատրաստման ընթացքում, լիներ ռուսական հրամանատարության խորհրդատուն:

1914թ. աշնանը կազմավորվեցին առաջին չորս կամավորական խմբերը, այլ խոսքով` դրուժինաները: Զորավար Անդրանիկի գլխավորած կամավորական 1-ին խումբը կազմավորվեց Սալմաստում, 2-րդ խումբը Դրոյի գլխավորությամբ` Իգդիրում, 3-րդ խումբը Համազասպի հրամանատարությամբ` Կաղզվանում և Քեռու գլխավորած կամավորական 4-րդ խումբը` Սարիղամիշում: Կամավորների ընդհանուր թիվը շուրջ 2,5 հազար էր: Առավել խոշոր էր Անդրանիկի գլխավորած 1-ին խումբը` մոտ 1200 ռազմիկ, իսկ մյուս երեք խմբերում յուրաքանչյուրում կար 400-ական կամավոր: Եվս 600 կամավորներ կազմում էին պահեստազորը` Խանասորի Վարդանի գլխավորությամբ:

Կամավորական խմբերի տեղակայման վայրերը պատահական չէին ընտրված: Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հարձակումը նախատեսվում էր չորս հիմնական ուղղություններով և, ըստ այդմ, կամավորական խմբերից յուրաքանչյուրը պետք է օժանդակեր մեկ ուղղությամբ ընթացող հարձակողական գործողությանը. առաջինը` Պարսկաստանով դեպի Բաշ-Կալա և Վան, երկրորդը` Իգդիր– Բայազետ- Բերկրի – Վան, երրորդը` Կաղզվան – Ալաշկերտ –Մանազկերտ-Բիթլիս և չորրորդը` Սարիղամիշ- Քայոփրիքյոյ-Կարին:

Հայ կամավորական խմբերի ավելի քան երկամյա անձնազոհ պայքարը հայկական զինյալ ուժի փայլուն դրսևորումներից էր: Կամավորական խմբերը ռազմական գործողությունների մեջ ներգրավվեցին 1914թ. հոկտեմբերի վերջին և առաջին իսկ մարտերում աչքի ընկան իրենց խիզախությամբ: Այդ են վկայում նրանց ստացած բազմաթիվ թքանշաններն ու պարգևները, ինչպես նաև նրանց հեղինակության անշեղ աճը ռուսական բարձրագույն հրամանատարության շրջանում:

Պատահական չէ, որ Սարիղամիշի ճակատամարտից հետո կամավորական խմբերում որոշակի փոփոխություններ կատարվեցին: Աճեց կամավորականների թվակազմը, այժմ յուրաքանչյուր խմբում կար շուրջ 1000 մարտիկ: Զգալիորեն բարելավվեց նրանց սպառազինությունն ու հանդերձանքը:

1915թ. գարնանը վերսկսված մարտական գործողություններում հայ կամավորականների հիմնական նպատակակետը Վասպուրականն էր: Ինչպես միշտ, այս մարտերում ևս փայլեց Անդրանիկի զորավորական տաղանդը: Նրա գլխավորած 1-ին խումբը, որ գործում էր գեներալ Չերնոզուբովի զորաջոկատի կազմում, առանձնապես աչքի ընկավ 1915 թ ապրիլին` Դիլմանի նշանավոր ճակատամարտում, որից հետո անմիջապես շարժվեց դեպի Վան` փրկելու Վասպուրականի հայությանը, որը կենաց և մահու ինքնապաշտպանական մարտեր էր մղում թուրքական բազմահազարանոց զորքերի դեմ:

Գեներալ Նիկոլաևի գլխավորած Բայազետյան զորաջոկատի հետ Իգդիրից դեպի Վան էր արշավում նաև կամավորական մյուս երեք խմբերից կազմված Արարատյան համահավաք գունդը` Վարդանի ընդհանուր հրամանատարությամբ: Հայ կամավորականների ճանապարհին հայկական ամայացած բնակավայրերն էին, ամենուրեք` անմեղ զոհերի դիակներ: «Անդրկովկասից մինչև Վասպուրական, մինչև Շատախ անցել եմ մեր ժողովրդի դիակների վրայով, մեր ավերված գյուղերով, մոխրակույտի վերածված բնակավայրերով: Արցունքով եմ անցել»,- սրտի կսկիծով հիշում էր կամավորական 2-րդ խմբի հրամանատար Դրոն:

Իրենց ճանապարհին ճնշելով թուրքական զորքերի և քրդական ավազակախմբերի դիմադրությունը, հայ կամավորականների առաջին ջոկատները մայիսի 5-ին մտան Վան: Շուտով Պարսկաստանից Վան հասավ նաև Անդրանիկի զորախումբը: Այստեղ հայ կամավորական չորս խմբերը ժամանակավորապես միավորվեցին գեներալ Տրուխինի գլխավորած Վանի զորաջոկատի կազմում: Լճի երկայնքով առաջանալով, հայ ռազմիկներն անխուսափելի կոտորածից փրկեցին նաև Շատախի, Մոկսի և Վանա լճի հարավայի շրջանի մյուս բնակավայրերի բնակչությանը:
 
1915թ. հուլիսի 16-ին ռուսական զորքերը նահանջի հրաման ստացան: Կովկասյան բանակի հրամանատարությունն այս հրամանը հիմնավորում էր Մանազկերտի շրջանում թուրքական զորքերի հակահարձակումով, որի հետևանքով, իբր, Վանի ջոկատը կարող էր հայտնվել շրջապատման օղակում: Ռուսական զորքերի անսպասելի նահանջի հետևանքով հայ կամավորներին չհաջողվեց օգնության հասնել Մշո դաշտի և Սասունի հայությանը: «Մեր նահանջը Վանից միչև հիմա էլ ինձ անհասկանալի է մնացել»,- գրել է հետագայում Անդրանիկը:

Օգնություն չստանալով, Մուշի և Սասունի հայության մեծ մասը զոհ գնաց թուրք ջարդարարների կազմակերպած նախճրին: Այնուամենայնիվ, նրանց անձնազոհ պայքարի շնորհիվ անխուսափելի կոտորածից փրկվեցին և Արևելահայաստան տեղափոխվեցին շուրջ 200 հազար հայ գաղթականներ: Ի դեպ, ևս մեկ, ոչ պակաս կարևոր հանգամանք. հայ կամավորական զինյալ ուժի առկայության շնորհիվ էր, որ Վանում ձևավորվեց ազգային պետական կառույցի մանրակերտը` Վանի նահանգապետությունը, որը, ցավոք, տևական գոյություն չունեցավ:

Հայ կամավորների համբավը տարածվեց ողջ Կովկասյան ճակատում: Ռուսական բոլոր զորահրամանատարները փափագում էին իրենց զորամասերի կազմում ունենել նման քաջարի ռազմիկներ: Այս մտայնությունը հնարավորություն տվեց ոչ միայն համալրելու առկա կամավորական խմբերը, այլև կազմավորելու ևս երկու խումբ` 6-րդը` կապիտան Աղանիկ Ջանփոլադյանի, ապա պորուչիկ Գրիգոր Ավշարյանի և Հայկ Բժշկյանի (Գայի) և 7-րդը` իշխան Հովսեփ Արղությանի գլխավորությամբ: Այսպիսով, պատերազմի երկրորդ տարվա վերջին հայ կամավորների թվաքանակը ռուսական բանակում հասնում էր մոտ 10.000-ի, որոնք բաշխված էին 8 զորախմբերում` 7-ը գործող բանակում, իսկ մեկը` պահեստազորում:

Սկսած 1915 թվականի վերջից, երբ վերսկսվեցին ռուսական բանակի հարձակողական գործողությունները, Կովկասյան ճակատում, հայ կամավորները ռուսական զորքերի աջակցությամբ, ազատագրեցին պատմական Հայաստանի գրեթե ամողջ տարածքը, ֆիզիկական անխուսափելի ոչնչացումից փրկեցին հարյուր հազարավոր արևմտահայերի: Իրենց անձնազոհությամբ ու ռազմական հմտությամբ հայ կամավորականներն աչքի ընկան Սարիղամիշի ու Դիլմանի ճակատամարտերում, Ալաշկերտի և էրզրումի մարտական խոշոր գործողություններում, Վանի, Խնուսի, Մուշի, Բիթլիսի և Երզնկայի ազատագրման ժամանակ:

Այդ ծանր մարտերում ընկան մոտ 800 կամավորականներ, այդ թվում ` 4-րդ խմբի հրամանատար, լեգենդար հայդուկ Քեռին և 6-րդ խմբի հրամանատար, պորուչիկ Գրիգոր Ավշարյանը: Ծանր վիրավորվեց 2-րդ խմբի հրամանատար Դրոն` Դրաստամատ Կանայանը: Կամավորականներից շատերը իրենց խիզախության և անձնվիրության համար պարգևատրվեցին ցարական շքանշաններով ու մեդալներով: Բավական է ասել, որ շուրջ 500 կամավորականներ արժանացան մարտական ամենահեղինակավոր շքանշանին` Գեորգիևյան խաչին:

Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
Просмотров: 243 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Архив записей