Թուրքական բանակը ջախջախելուց և Կովկասյան ճակատում վճռորորշ առավելության հասնելուց հետո, ռուսական հրամանատարության բարյացակամ վերաբերմունքը կամավորական խմբերի նկատմամբ իսպառ վերացավ: Հայ կամավորականներն իրենց դերն արդեն կատարել էին` աջակցել էին ցարական զորքերի փայլուն հաղթանկաներ տանել թշնամու նկատմամբ, և այժմ նրանց կարիքն այլևս չէր զգացվում:
Միանգամայն պարզ դարձավ, որ կայսրության կառավարող շրջանակների նպատակը ամենևին էլ հայ ժողովրդի կենսական շահերի սատարումը, նրա դարավոր իղձերի իրականացումը չէր, այլ սեփական ծավալապաշտական ծրագրերը կյանքի կոչելը: Նախատեսվում էր, որ հայաթափված Արևմտահայաստնում կայսերության հենարանը պետք է լինեն ոչ թե հայերը, այլ քրդերը և կազակները, որոնք պետք է վերաբնակեցվեին մեր ժողովրդի պատմական տարածքում:
Եվ ահա պատերազմի երրորդ տարում սկսվեց կամավորական խմբերի լուծարման և նրանց հիմքի վրա հրաձգային գումարտակների կազմավորման գործընթացը: Կամավորականներից ոմանք, հիասթափված հրամանատարության վերաբերմունքից, չցանկացան շարունակել ծառայությունը, սակայն նրանց կորիզը` շուրջ 2000 ռազմիկներ, համալրեցին կազմավորվող հրաձգային գումարտակների շարքերը:
Մինչև 1916թ. կեսերը կամավորական խմբերի հիմքի վրա ձևավորվեցին կանոնավոր բանակի հրաձգային 6 գումարտակներ, որոնցում ռազմիկների ընդհանուր քանակը 5000-ից ավելի էր: Ռուսական հրամանատարությունը, երկյուղ կրելով ազգային զինուժի կենտրոնացումից, չհամարձակվեց հայկական հրաձգային գումարտակները միավորել մեկ բրիգադում և տեղաբաշխեց դրանք ռազմաճակատի տարբեր հատվածներում: Հրաձգային գումարտակները հայ կամավորական խմբերի արժանի ժառանգորդներն էին, և արդեն, իբրև բանակային կանոնավոր կառույց, արժանիորեն շարունակեցին կամավորականների երկամյա անձնազոհ պայքարի փառահեղ ավանդույթները:
Հրաձգային առաջին գումարտակը գնդապետ Բեժանբեկյանի հրամանատարությամբ տեղակայվեց Երզնկա-Դերջան հատվածում ու անմիրջապես ներգրավվեց այդ շրջանում ընթացող մարտերին: Գումարտակը առանձնապես աչքի ընկավ Երզնկայի համար մղված ճակատամարտում` առաջինը մտնելով քաղաք: Փոխգնդապետ Սերոբ Սամարցյանի գլխավորած հրաձգային 2-րդ գումարտակը մինչև զինադադարը տեղակայված էր Խնուս-Մուշ գոտում և մասնակցում էր այդ շրջանում ընթացող ծանր մարտերին:
Մյուս գումարտակները մարտեր էին մղում Իրանի հյուսիսային հատվածում և Ուրմիա լճի շրջանում: Հիշարժան է գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի գլխավորած 5-րդ գումարտակի մասնակցությունը Ասխաբա լեռան մոտ կայացած նշանավոր ճակատամարտին, որի ընթացքում գլխովին ջախջախվեց թուրքական Դարդանելյան դիվիզիան: Շարունակելով հաղթարշավը` 5-րդ գումարտակը Վանի շրջանը մաքրեց թուրքական զորքերից և միչև 1918 թ մարտ ամիսը տեղակայված մնաց Վանում:
Իսկ հայկական 3-րդ, 4-րդ և 6-րդ գումարտակները ծանր մարտերից հետո դիրքավորվեցին ռազմաճակատի Ուրմիա լճից հարավ ընկած հատվածում: Թե ինչ անձնազոհությամբ ու հմտությամբ էին կռվում հայկական հրաձգային գումարտակները, լավագույնս վկայում է ռուսական բանակի Թավրիզյան ջոկատի պետ, գեներալ Նազարովը: Դիմելով իր հրամանատարությամբ գործող հայկական 4-րդ գումարտակի մարտիկներին` նա ասել է. «Իմ փառապանծ հայ հրաձիգներ: Մեկ տարուց ավելի է, ինչ մենք միասին ջարդում ենք թուրքերին: Ձեր փառահեղ մարտերի ժամանակ ես համոզվեցի հայ զինվորների գերհերոսական հատկությունների մեջ: Կեցցե´ ազգը, որն ունի նման պանծալի արծիվներ»:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր» |