Հունիսի 4-ին Հայստանի անկախ հանրապետությունը վավերացրեց իր առաջին միջազգային փաստաթուղը` Բաթումի հաշտության պայմանագիրը: Այս պայմանագրով, ի դեպ, Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց ՀՀ-ն: Ճակատագրի հեգնա՞ք Էր սա, թե՞ հայ ժողովրդի նկատմաբ թուրքերի առանձնահատուկ սիրալիրության դրսևորում: Բնավ ոչ: Երիցս ճշմարիտ է Ավ. Ահարոնյանը. «Մեր թեկուզև փոքր ու թշվառ Հայաստանով պարտական ենք մեր զորքի անձնուրացությանը: Որքան մեզ հայտնի է, գերմանացիներն ու թուրքերը Կովկասը բաժանել էին Վրաստանի ու Ադրբեջանի միջև` հայերի համար ապահովելով միայն ֆիզիկական գոյությունը: Մեր զորքերի դիմադրությունը նրանց հակադրեց ճանաչել Հայաստանը»:
Բաթումի պայմանագրի երկրորդ կետով որոշվեց հայ- թուրքական սահմանը: Այս հարցում վճռորորշ եղան հայ զինվորների մայիսյան փայլուն հաղթանակները, որոնց շնորհիվ միայն Թուրքիան հարկադրված դադարեցրեց իր արշավանքը և ճանաչեց ՀՀ-ն: Ավելին, նա նաև հրաժարվեց իր նախկին պահանջներից և Հայաստանին զիջեց ևս 1000 քառ կմ տարածք` Համամլուի շրջանը: Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց շուրջ 12000քառ. կմ, բնակչությունը` մոտ մեկ միլիոն: Պայմանագրի համաձայն Թուրքիայաի հետ ՀՀ սահմանները ձգվում էին. «Ալագյազի գագաթից հյուսիս, մոտավորապես դեպի Համամլու և արևմուտք` դեպի Ախլքալաքի գավառի հարավային սահմանը, Ալագյազի գագաթից հարավ, շրջանցելով Էջմիածինը արևմուտքից ու Երևանը հարավից, մոտ 8 վերստ դեպի Ղամարլու և ապա արևելք` դեպի Դարալագյազ, որտեղ սահմանը նույնիսկ ստույգ չէր գծվել»: Իսկ նորաստեղծ հանրապետությունների` Վրաստանի ու Ադրբեջանի, հետ ՀՀ-ի սահմանները պետք է ճշգրտվեին ավելի ուշ, փոխադարձ համաձայնությամբ լուծելով սահամանամերձ վիճելի տարածքների պատկանելության հարցը: Այնինչ, այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել այդպես էլ չհաջողվեց:
Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո` հունիսին, Հայոց ազգային խորհրդի կեղմից Թիֆլիսում ձևավորվեց հանրապետության առաջին կառավարությունը վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Իր բազմադարյան կենսագրության նոր, անկախ գոյատևման փուլն էր սկսում բզկտված ու ավերված, տանջահար ու սովալլուկ մի երկիր:
«Բացառիյկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը,- նշել է հանրապետության առաջին վարչապետը կառավարության հայտարարագրում,- Կառավարությունը գտնվում է այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն` կատաստրոֆիկ: Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը: Նա չի կարող բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենել լայն ծրագրեր և սահմանափակվելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով»:
Նախարարների առաջին կաբինետը սկավաթիվ էր: Արտաքին գործերի պաշտոնը ստանձնել էր Ալ. Խատիսյանը, ֆինանսների նախարարան էր Հ. Կարճիկյանը, ներքին գործերի նախարարը` Արամ Մանուկյանը:
Կազմավորվեց նաև ռազմական նախարարություն, և ՀՀ ռազմական առաջին նախարար նշանակվեց գեներալ Հավհաննես Հախվերդյանը (1918թ. հունիս -1919թ. մարտ): Վերջինս, բառի բուն իմաստով, զիվորական էր` հոգով, մտքով, պատրաստությամբ: Անչափ կարևոր էր և այն հանգամանքը, որ Հախվերդյանը որևէ կուսակցության կամ քաղաքական հոսանքի չէր պատկանում, ինչը, ըստ Ռ. Տեր-Միանասյանի, լիովին համապատասխանում էր «այն ռուսական մտայնությանը, թե բանակը դուրս է քաղաքականությունից… նրանք են զինվոր, ովքեր ենթակա են զորակոչի, նրանք են ղեկավար, ովքեր ավարտած են զինվորական դպրոց»:
Իր կարճատև գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցավ ռազմական ևս երեք նախարար: Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած կառավարության կազմում այդ պաշտոնը ստանձնել էր Գեներալ Քրիստափոր Արարատյանը (1919թ. մարտ – 1920թ. ապրիլ), Համո Օհանջանյանի կազմած կաբինետում` Ռուբեն Տեր-Մինասյանը (1920թ. ապրիլ – 1920թ. նոյեմբեր), իսկ Սիմոն Վրացյանի ղեկավարած կառավարության կազմում այդ պաշտոնը ստանձնեց Դրաստամատ Կանայանը` Դրոն (1920թ. նոյեմբեր – դեկտաեմբեր):
Հանրապետության զինված ուժերի կազմավորման գործում, բացի ռազմական նախարարությունից, հույժ կարևոր էր նաև 1919թ. սկզբին ստեղծված զինվորական խորհրդի դերը, որի անդամներն էին ռազմական գերատեսչության վարչությունների պետերը և բոլոր բարձրաստիճան սպաները: Խորհրդի նախագահը գեներալ- լեյտենատ Թովմաս Նազարբեկյանն էր, որը միաժամանակ ստանձնել էր նաև ՀՀ զորքերի գլխավոր հրամանաատրի` սպարապետի պաշտոնը:
Ռազմական բնագավառում Հայաստանի կառավարության հրատապ և կարևորագույն խնդիրն էր` «վերականգնել երկրի զինվորական ուժերը` նպատակ ունենելով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով և կարգապահությամբ ուժեղ բանակ»: Առաջին հերթին հարկ էր ձևավորել զինված ուժերի կառավարման ընդհանուր համակարգ, ինչը երբևէ գոյություն չէր ունեցել, ուստի և ամեն բան հարկ էր սկսել սկզբից:
Դեռևս Թիֆլիսում ձևավորվեց ռազմական նախարարության վարչական մարմինը և զինվորական շտաբը, որը սկզբնապես բաղկացած էր ընդամենը զորահավաքային ու հրահանգչական բաժիններից, գրասենյակից և շտաբի վաշտից: Ավելի ուշ, Գլխավոր զինվորական շտաբը համալրվեց նոր վարչություններով ու բաժիններով` հրետանային, ռազմատեխնիկական, գլխավոր- վերահսկիչ, մատակարարման, ռազմասանիտարական, ռազմաանասնաբուժական: Ռազմական նախարարությունը, ըստ Ռուբեն Տեր–Մինասյանի, «պարզ մանրակետն էր ռուսական զինվորական նախարարության, իսկ բանակը, իր ոգով, իր վարժությամբ և գործելակերպով, նույն էր, ինչ ռուսական որևէ զորաբաժին: Իրզուր չէ, որ հայկական բանակը կհամարեին Դենիկինի բանակի մի մասը: Նմանությունը մեծ էր թե’ կազմակերպության, թե’ ձգտումների մեջ»:
Բաթումիի հաշտության պայմանագրի համաձայն, Հայստանին իրավունք էր վերապահված ունենել սոսկ մեկ դիվիզիա: «Հայկական միակ դիվիզիան կազմավորելիս նկատի էր առնվել այնպիսի կառուցվածք ապահովել, որ մի կողմից, չխախտվեր մեր պարտականությունը թուրքերի հանդեպ, իսկ մյուս կողմից, դիվիզիայի զորամասերին ինքնուրույն գործելու հնարավորություն ընձեռնվեր, որ, հարկ եղած դեպքում, դիվիզիան նորից կորպուսի վերածելը հեշտ լիներ: Ուստի դիվիզիան կազմավորվեց վեց գնդից` յուրաքանչյուրում երեք գումարտակ»,- գրել է ռազմական 1-ին նախարար Հովհաննես Հախվերդյանը:
Այսպիսով, ռազմական նախարարության առաջին գործը պետք է լիներ Առանձին հայկական կորպուսի կազմացրումը և նրա հիմքի վրա Առանձին դիվիզիայի կազմավորումը:
Հայկական կորպուսի կազմացրումը սկսվեց նրա հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանի 1918 թ հուլիսի 20–ի հրամանով: «Հայկական կորպուսի գոյության ընթացքում արական սեռի 20-32 տարեկամ ողջ բնակչությունը զինվորական ծառայության մեջ էր: Լուծարումից հետո իրականցվեց զորացրում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ զինծառայողների թվաքանակը, կրճատվելով, հասավ շուրջ 16000-ի»:
Օգոստոսին լուծարվեց նաև հայկական մյուս զորախումբը` Հատուկ հավաքական ջոկատը: Իսկ ահա զորավար Անդրանիկը կտրականապես հրաժարվեց ենթարկվել Բաթումի ստորացուցիչ պայմանագրի պահանջներին: Իր գլխավորած Հարվածային զորամասով նա շուրջ մեկ տարի շարունակեց պայքարը թուրք – թաթարական ուժերի դեմ: Իր զորամասով նա շարժվեց դեպի Դիլիջան ապա Մարտունի, Դարալագյազ, և Նախիջևանով անցավ Խոյ` նպատակ ունենալով ճեղքել ճակատային գիծը և Բաղդադում միանալ դաշնակիցների բանակին: Սակայն ճանապարհին նրան միացած տասնյակ հազարավոր գաղթականների քարավանը նրա փոքրաթիվ զորամասը իսպառ զրկել էր շարժունակությունից, և նա հարկադրված նահանջեց Նախիջևան, ապա անցավ Գորիս: Մինչև 1919թ. գարանան սկիզբը Անդրանիկը ղեկավարում էր Սյունիքի մարզի ինքնապաշտպանությունը: Ապրիլին նա մեկնեց Էջմիածին, որտեղ կազմացրելով իր զորամասը և զենքերը հանձնելով կաթողիկոսին, ընդմիշտ հեռացավ երկրից:
Հայկական կորպուսը, որի լուծարումը վերջնականապես ավարտվեց 1918թ. սեպտեմբերին, դարձավ այն հիմքը, որի վրա կառուցվեց Առանձին հրաձգային դիվիզիան` Հայաստանի Հանրապետության նորաստեղծ զինված ուժերի կորիզը: Այն ուներ հետևակային 2 բրիգադ` 3-ական գնդերով, յուրաքանչյուր գնդում` 3–ական գումարտակ, ինչպես նաև հեծելազոր և հրետանային բրիգադ: Հայկական դիվիզիայի և նրա ստորաբաժանումների հրամանատարներ նշանակվեցին փորձառու, մարտական գործողություններում անձնական քաջությամբ ու մարտավարական հմտությամբ աչքի ընկած զորապետեր: Դիվիզիայի հրամանատար նշանակվեց Սարդարապատի ճակատամարտի հերոսներից մեկը` գեներալ- մայոր Մովսես Սիլիկյանը: 1-ին հետևակայնին բրիգադի հրամանատար նշանակվեց գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը, 2-րդ բրիգադի հրամանատար` գնդապետ Բոգդան Բաղդասարյանը: Գնդերը ևս ղեկավարում էին փորձառու, պատերամի բովով անցած սպաներ` գնդապետներ Պերեկրեստովը, Դոլուխանյանը, Սամոյլենկոն և այլոք:
Դիվիզիայի հեծելազորը բաղկացած էր մեկ համահավաք հեծյալ գնդից, որի հրամանատար նշանակվեց գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Դիվիզիայի հրետանային բրիգադը իր կազմում ուներ 3 դիվիզիոն, որորնցից յուրաքանչյուրը բաղկացած էր 3 մարտկոցից` մեկը թեթև, երկուսը լեռնային: Մարտկոցները համալրված էրն 4-ական հրանոթներով: Հրետանային բրիգադի հրամանատար նշանակվեց գնդապետ (հետագայում` գեներալ, հանրապետության ռազմական 2-րդ նախարար) Քրիստափոր Արարատյանը: Առանձին դիվիզիայի կազմում կային նաև ինժեներական, տրանսպորտային, ավիացիոն, ռադիոհեռագրային, սակրավորների և այլ օժանդակ ստորաբաժանումներ: Դիվիզիայի շտաբը տեղակայված էր Երևանում:
Հայկական բանակի կազմավորման շրջանում հետևազորի սպառազինությունը կազմում էին հիմնականում ռուսական «Մոսին», շատ ավելի սակավաթիվ` «Լեբելի» և «Բերդանկա» կարգի հրացանները, ինչպես նաև «Մաքսիմ», «Կոլտ», «Լյուիս» և այլ կարգի գնդացիրները: Բանակի անձնակազմի սառը զենքերն էին սվինները, թրերն ու դաշույնները:
1918թ. վերջին, առաջին աշխարհամարտի ավարտից հետո, վերջապես հնարավորություն ստեղծվեց ձերբազատվել Բաթումի ստորացուցիչ պայմանագրի կապանքներից, որորնցով հանրապետության զինված ուժերը սահմանափակվում էին ընդամենը մեկ հրաձգային դիվիզիայով: Ավելին, 1918թ. վերջից, թուրքական զորքերի կողմից Արևելահայաստանի զավթած տարածքների պարտադրված պարպումից հետո, հարկ էր այդ տարածքները զբաղեցնել հայկական զորախմբերով և պայմաններ ստեղծել տեղի հայ բնակչության վերասդարձին իրենց բնակավայրերը:
Այսպիսով, օրախնդիր էր դարձել նոր զորամասերի կազմավորումը, այլ խոսքով` հանրապետության բանակի կառուցվածքային և քանակական համալրումը:
Նախ հարկ էր վերակազմավորել հայկական միակ առանձին դիվիզիան: 1919թ. հունվարին նրա փոխարեն կազմավորվեցին 3 առանձին հետևակային բրիգադներ` 2–ական գնդերով: 1-ին բրիգադի հրամանատար նշանակվեց գեներալ- մայոր Դ. Բեկ- Փիրումյանը, 2-րդի` գեներալ-մայոր Ա. Հովսեփյանցը, 3-իդի` գեներալ–մայոր Բ. Բաղդասարյանը: 1-ին բրիգադի շտաբը տեղակայված էր Երևանում, 2-րդ բրիգադի շտաբը` Վաղարշապատում, իսկ 3-րդի շտաբը` Ղազարքիլիսայում:
Սակայն հայկական զորքերի գործառույթը չէր սահմանափակվելու սոսկ արտաքին թշնամու մարտահրավերներին արժանի հակահարված տալով, թուրքական զորքի ու քրդական հրոսակների հաճախակի սահմանախախտումները ու հայկական սահմանամերձ բնակավայրերի ասպատակությունները կանխելով: Հայկական զորամասերը պետք է պայքարեին նաև ներքին թշնամու` հանրապետության մահմեդական բնակչության զինված խմբավորումների դեմ, որոնք ուղղորդվելով թուրքական գործակալներին կողմից, մշտապես ապստամբում էին և հրաժարվում ենթարկվել հանրապետության իշխանություններին: Ուստի և, կանոնովոր զորախմբերին զուգընթաց կազմավորվում էին նաև տեղական ոստիկանության, նաև տվյալ տարածքի սահմաններն ու ներքին կարգուկանոնը պահպանող կամավորական, աշխարհազորային ջոկատներ:
Երկրի ներքին թշնամու` մահմեդականների զիված խմբավորումների, դեմ արդյունավետ պայքար մղելու համար, 1919թ. ամռանը հարկ եղավ նաև զորակոչել 26-30 ամյա, ապա նաև 31-32- ամյա զինապարտներին: Ավելին, ոչ զորակոչային տարիքի անձանցից կամավորական մեկ գունդ ստեղծվեց Իգդիրի գավառում, մեկ այլ գունդ` Կարսի մարզում, որոնք ավելի ուշ միավորվեցին առանձին բրիգադում` Սեպուհի գլխավորությամբ: Առանձին գումարտակ կազմավորվեց Նախիջևանում, սահմանապահ զորամասեր` Դիլիջանում, ապա նաև Կարսում, իսկ Ղազախի շրջանում և Սյունիքում` ռազմաոստիկանական ջոկատներ:
Արդյունքում` 1919թ. վերջին ՀՀ բանակն արդեն ուներ հետևակային 7 գունդ, որոնք կազմում էին 4 բրիգադ, հեծելազորային 2 գունդ, 8 առանձին գումարտակ, 4 հրետանային մարտկոց, ռազմաոստիկանական 1 գունդ և 2 գումարտակ, նաև կամավորական 1 բրիգադ, որը միավորում էր 2 գունդ: Իսկ 1920 թվին, հայ-թուրքական պատերազմի նախօրեին, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը սկզբնական 16000-ից հասել էր շուրջ 40 հազարի, որով համալրված էին բանակի 7 հիմնական զորաջոկատները: Վերջիններս ներառում էին հետևյալ ստորաբաժանումները. հետևակային 9 գունդ` միավորված 4 բրիգադներում, հեծելազորային 1 բրիգադ, որ կազմված էր հեծյալ 2 գնդից, 2 սահմանապահ բրիգադ , 11 առանձին գումարտակ (այդ թվում` հետևակային, պահակային, ոստիկանական, էսապային, ինժեներական), կամավորական 7 հարյուրյակ, հրետանային 4 դիվիզիոն` 16 մարտկոցով, ավիացիոն ջոկատ, ավտոմոբիլային զորամաս, նավատորմ և 2 զրահագնացք:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»