Հայկական կորպուսը - 6 Февраля 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Февраль » 6 » Հայկական կորպուսը
13:45
Հայկական կորպուսը
1917թ. Ռուսաստանում ծավալված դարակազմիկ իրադարձությունները, որոնք, ըստ էության, հանգեցրին Ռուսական հզոր կայսրության փլուզմանը, բախտորոշ նշանակություն ունեցան նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Քաղաքական կյանքի շրջադարձային փոփոխությունների կործանարար ազդեցությունն առաջինը կրեց ռազմաճակատը: Երկրի ներսում կատարվող հեղափոխական խմորման ալիքն արագորեն հասնում էր ճակատ, խարխլում բանակի կարգապահությունը և խիստ նվազեցնում մարտականությունը:

«Նոյեմբերին, - գրում էր Հովհ. Քաջազնունին, - ռուսական զորքերը, բռնկված բոլշեվիզմով, լքեցին Կովկասյան ճակատը և խուճապով սկսեցին վերադարձը դեպի Ռուսաստան: Թաթարներն արդեն առանց քողարկվելու անցան Թուրքիայի կողմը: Վրացիները բանակցությունների մեջ մտան Գերմանիայի հետ և չեզոք դիրք բռնեցին պատերազմի հանդեպ: Հայերը փաստորեն մնացին մենակ Թուրքիայի դեմ»: Միանգամայն բնական է, որ թուրքերը շտապեցին օգտվել ստեղծված բարենպաստ իրավիճակից և իրենց խորամանկ ու հաշվենկատ քայլերով ավելի խորացնել Անդրկովկասում ստեղծված անիշխանությունն ու քաոսը:

Նրանք, մի կողմից, քրդական շարժումներ էին գրգռում Տաճկահայաստանի գրավված վայրերում ու Անդրկովկասում, թուլացնելով հակառակորդի դիմադրական կորովը, իսկ մյուս կողմից, հաշտության առաջարկներով տկարացնում էին անդրկովկասյան ժողովուրդների կամքը և երկպառակություն գցում նրանց մեջ: Երևանի մոտ 15000 հայ զինվորներին ռազմաճակատից հեռու պահելու դիտավորությամբ, թուրք առաջնորդները երևանյան ամբողջ նահանգում բորբոքեցին զանգվածային ազգայնական շարժումներ: Կազմակերպվեցին հարձակումներ երկաթուղիների, խճուղիների ու կամուրջների վրա, և ամիսներ շարունակ հայ զինվորականությունը զբաղվեց թրքական խռովությունները ճնշելով:

Քրդական հերոսակախմբերը Տաճկահայաստանում հարվածում էին հայ փոքրաքանակ զորքերի թիկունքին, թալանում պարենն ու պահեստները, կոտորում գաղթականներին և, առհասարակ, անիշխանություն էին ստեղծում:

Կովկասյան թատերաբեմի ճակատային գիծը, որը 1917թ աշնանը ձգվում էր Տրապիզոնից Երզնկա, ապա Մուշ և Վանա լիճ, հարավային շրջանով հասնում մինչև Ռևանդուզ, հուրախություն թշնամու, սկսեց արագորեն քայքայվել: Ռուս զինվորն այլևս չէր ցանկանում կռվել օտար երկրում, չէր ենթարկվում հրամաններին: Դասալքությունը հետզհետե զանգվածային բնույթ էր ստանում: Կայսրության տարբեր ծայրերից եկած զինվորները ձգտում էին օր առաջ լքել հազարավոր զինվորների արյան գնով գրավված դիրքերը և բռնել տունդարձի ճամփան: Ռազմաճակատի գիծը արագորեն քայքայվում էր` անասելի առհավիրք ստեղծելով, առաջին հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար:

«Վեցերորդ կորպուսը, լքելով ճակատը, ամբողջ կազմով անցել է Սարիղամիշ: Առաջին կորպուսը ևս տեղահան է եղել,- այդ օրերին գրել է ռազմաճակատի շտաբի պետը` գլխավոր հրամանատարությանը հղած հեռագրում,- Երզնկայի շրջանից մեր հեռանալը հավասարազոր է ամբողջ Թուրքահայաստանի պարպումին, այսինքն կորստին այն ամենի, ինչ ձեռք ենք բերել թուրքերի դեմ մեր մղած եռամյա հաղթական պատերազմի ընթացքում: Ահա թե ինչու եմ ես համարձակվում մեկ անգամ ևս խնդրելու այստեղ որքան կարելի է շուտ ուղարկել գոնե երկու հայկական գունդ, որոնք հնարավորություն կտան ամրացնել մեր դիրքերը»:

Այսպիսով, ճակատային գծում տիրող անմխիթար իրավիճակը կարգավորելու համար օրախնդիր էր դարձել ազգային խոշոր զորամիավորումների շուտափույթ կազմավորումը և նրանցով ճակատային գիծը զանգվածաբար լքող ռուսական զորամասերի փոխարինումը: Ըստ այդմ, սկսվեց կայսերական միասնական բանակի, ազգային հիմքի վրա, մասնատման, ռազմական ընդհանուր գույքի և սպասռազինության ազգայնացման գործընթացը: Գործընթաց, որը մեզ քաջ ծանոթ է ոչ հեռու անցյալից` ԽՍՀՄ փլուզման շրջանից: Կովկասյան ճակատում շուտով կազմավորվեցին վրացական, հայկական, ռուսական, ասորական և այլ ազգություններից կազմված զորամասեր, որոնց մեծ մասը, սակայն, այդպես էլ չմասնակցելով մարտական գործողություններին, շուտով լուծարվեցին կամ հեռացան Կովկասյան ճակատի սահմաններից:

Գլխավոր շտաբի 1917թ նոյեմբերի 16-ի հրամանով սկսվեց Հայկական բանակային կորպուսի կազմավորումը` առկա հրաձգային գումարտակների հիմքի վրա: Կորպուսի հրամանատար նշանակվեց ռուսական բանակի փորձառու զորահրամանատար, գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Կորպուսի զինվորական կոմիսար նշանակվեց Դրաստամատ Կանայանը` Դրոն: Կորպուսն իր կազմում ուներ 2 դիվիզիա. 1-ին հայկական հրաձգային դիվիզիան (հրամանատար` գեներալ Մովսես Սիլիկյան), 2-րդ հայկական հրաձգային դիվիզիան (հրամանատար` գեներալ Միքայել Արեշյան), յուրաքանչյուրում 4-ական հետևակային գունդ, ինչպես նաև հեծելազորային բրիգադ` գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի գլխավորությամբ:

1918թ. սկզբին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը շուրջ 8000 էր, որից 7000-ը` հետևազոր, իսկ 1000-ը` հեծելազոր: Բացի այդ, կորպուսը համալրվեց նաև մի շարք, պահեստային զորամասերով: Ըստ այդմ, կորպուսը ընդհանուր առմամբ ուներ հետևակային 16 և հեծյալ 3 գունդ, հրետանու 2 բրիգադ (8 մարտկոց), 2 երկաթուղային և մեկական սահմանապահ և սակրավորների գումարտակ, մեկ ավիաջոկատ (3 ինքնաթիռ) և այլ ստորաբաժանումներ:

Բոլշեվիկյան հեղաշրջումից հետո դասալքությունը ճակատում օրեցօր ծավալվում էր` հասնելով անասելի չափերի: 1918թ. սկզբին Կովկասյան ռազմաճակատի հայկական հատվածը պաշտպանում էր ընդամենը 17000 զինվոր: Ակնհայտ էր, որ թշնամին շատ շուտով կօգտվի ռուսական զորքերի այդ զանգվածային դասալքության հետևանքով ռազմաճակատում ստեղծված, իր համար խիստ բարենպաստ, իրավիճակից և, խախտելով դեկտեմբերին Երզնկայում կնքված զինադադարը, լայնածավալ հարձակում կձեռնարկի: Ուստի և անհրաժեշտ էր արագացնել զուտ հայկական նոր զորամասերի կազմավորումը, եղածների համալրումը և նրանց միջոցով ամրացնել ճակատային գիծը:

Հայոց Ազգային խորհուրդը կոչ հղեց հայ ժողովրդին. «Այս պատմական օրերին մեզ վիճակվում է մի համազգային առաքելություն: Ծանր է այս առաքելությունը, թերևս վեր է մեր թույլ ուժերից, բայց անխուսափելի է: Ազգային խորհուրդը կոչ է անում համայն հայությանը` ուժերը լարված գործի անցնելու: Կարգադրում ենք, որ հայ դասալիքներն անմիջապես մտնեն հայացած զորամասերը: Այս օրհասական վայրկյաններին ամեն հայ, որ խուսափում է իր քաղաքացիական և ազգային պարտքը կատարել, հայրենիքի դավաճան է և, իբրև դասլիք, արժանի է խստագույն պատժի»:

Նոր կազմավորված հայկական զորամասերն արդյոք կարո՞ղ էին փոխարինել Կովկասյան բանակին և պահպանել ռազմաճակատում առկա վիճակը: Այս հարցը հուզում էր բոլորին: Ինչ խոսք, հայ քաղաքական ու ռազմական գործիչների մեծ մասը կողմնակից էր ամեն գնով Արևմտահայաստանի ազատագրված տարածքները պաշտպանելուն, որքան էլ, որ հայկական զինյալ ուժը փոքրաքանակ էր և վատ սպառազինված: Առավել ողջախոհները, սակայն, համարում էին, որ հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար հարկ է զգալիորեն կարճացնել ճակատային գիծը: Այդ կարծիքին էին, մասնավորապես, փորձառու զինվորականները, այդ թվում նաև Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը և կոմիսար Դրոն: «Միայն մեր ուժերով չենք կարող Վան-Երզնկան-Տրապիզոն գիծը պաշտպանել: Պետք է հետ քաշենք մեր ուժերը, պաշտպանության բոլոր միջոցները կենտրոնացնենք կարճ սահմանագծի վրա: Այլապես Թուրքահայաստանը կորցնելուց հետո Ռուսահայաստանն էլ կկորցնենք»- հայտարարում էր Դրոն:
 
1918 թ փետրվարին թուրքական զորքերը հարձակման անցան Կարինի ուղղությամբ: Ռազմաճակատի հրամանատար, գեներալ Օդիշալիձեի ձեռնարկած ապաշնորհ քայլերն էլ ավելի ոգոշնչեցնի առաջացող թուրքական զորքերին: Գրեթե առանց դիմադրության հանդիպելու, նրանք արագորեն հասան Կարնո ամրություններին: Թվում էր, թե Կարնո պաշտպանության հրամանատար նշանակված զորավար Անդրանիկին, իր փորձառության ու անսահման հեղինակության շնորհիվ, կհաջողվի կասեցնել թուրքերի առաջխաղացումը: Ավաղ, դասալքության ախտով վարակված հայ զինվորների անկազմակերպ, բարոյալքված ջոկատներով հնարավոր չեղավ պատշաճ դիմադրություն կազմակերպել, անգամ Կարինի նման հուսալիորեն ամրացված հենակետում: Կարինն ընկավ: Թուրքերի առաջխաղացումը շարունակվում էր և ահարկու վտանգը ներխուժում էր Արևելյան Հայաստան:

1918թ. մատի 1-ին գեներալ Նազարբեկյանը, Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի կարգադրությամաբ, նշանակվեց գործող ճակատի գլխավոր հրամանատար: Միաժամանակ նա ստանձնեց միացյալ հայկական զորախմբի` Առանձին հայկական կորպուսի հրամանատարությունը: Վերջինս ձևավորվեց Հայկական կորպուսից /12000 ռազմիկ/ և գեներալ Անդրանիկի զեկավարած Հատուկ հայկական հավաքական ջոկատից /15000 ռազմիկ/: 1-ին դիվիզյայի հրամանատարն էր գեներալ Մ. Արեշյանը, իսկ երկրորդինը` գեներալ Մ. Սիլիկյանը: Ի դեպ, մարտական գործողություններում անվճռականություն դրսևորելու համար, Մ. Արեշյանը շուտով պաշտոնանկ արվեց և նրա փոխարեն նշանակվեց գեներալ Ա. Տեր-Հակոբյանը:

Կարնո բերդի անկումից հետո զորավար Անդրանիկը հրաժարական տվեց, և նրա փոխարեն Հատուկ հայկական հավաքական ջոկատի պետ նշանակվեց գնդապետ Պավել Բեժանբեկյանը: Ավելի ուշ Անդրանիկը կազմավորեց մեկ այլ ջոկատ` Հայկական առաջին հարվածային զորամասը:

Ստեղծման պահին Առանձին հայկական կորպուսն ուներ 26500 մարտիկ, սակայն կոպուսի կազմն արագորեն համալրվում էր: Արդեն մարտի վերջին նրա թվաքանակը հասավ 35-40 հազարի` հետևակայնի 23 գունդ և 10 գումարտակ, հեծյալ 6 գունդ և 3 հարյուրյակ, հրետանու 21 մարտկոց, սակրավորների մեկ գումարտակ, մեկ ավիաջոկատ, ինչպես նաև մի շարք օժանդակ զորամասեր ու ստորաբաժանումներ:

Մարտի երեքին ստորագրված Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը, առհամարհելով հայ ժողովրդի իրավունքները, Թուրքիային զիջեց ոչ միայն Արևմտահայաստանի ազատագրված տարածքները, այլև արդեն 40 տարի Ռուսական կայսրության մաս կազմող Կարսի մարզը, ինչով թուրքական զորքերի առջև բացեց Անդրկովկասի դարպասները: Հայ ժողովրդի գլխին կախվեց լիակատար բնաջնջման իրական վտանգը:
«Մեզ ուժ է պետք թշնամու ախորժակը սանձելու համար, ուժի առաջ կխոնարհվի նա, - այդ օրերին գրում էր 1-ին հրաձգային բրիգադի «Զինվոր» թերթը,- Այդ է մեր միակ փրկությունը: Մեր ժողովուրդը պետք է հասկանա վերջապես այս դառը ճշմարտությունը և, հասկանալով հանդերձ, պետք է հանդես բերի այս ահավոր ժամին իր բոլոր ուժերն ու կարողությունները, եթե չի ուզում, որ մեր անունն ընդմիշտ ջնջվի մարդկության պատմության էջերից»:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
Просмотров: 202 | Добавил: Admin | Рейтинг: 4.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Архив записей