Ռուս–թուրքական հակամարտության Կովկասյան ճակատում պետք է վերստին վճռվեր Արևմտահայաստանի, ավելին` ողջ Հայաստանի բախտը: Թուրքիայի դեմ պատերազմներում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը արդեն բազմամյա պատմություն ուներ: Մասնակցելով Կովկասյան ճակատում ընթացող ռազմական գործողություններին` հայ ռազմիկները մեկ գերագույն նպատակ ունեին. թուրքական բռնատիրությունից ազատագրել բնիկ հայկական տարածքները, միավորել պամական Հայաստանի արևելյան ու արևմտյան հատվածները: Այս առումով առանձնապես նշանակալից էր հայ զինվորականության ներդրումը 1977-1978թթ. ռուս–թուրքական պատերազմին, որի արդյունքում թուրքական տիրապետությունից ազատագրվեց և Ռուսական կայսրության սահմանների մեջ ընդգրկվեց Կարսի մարզը:
Արդեն ավանդական դարձած հայ-ռուսկան ռազմական զորակցությունն իր գագաթնակետին հասավ 1-ին աշխարհամարտի տարիներին: Ռուսական բանակը համալրված էր ավելի քան 250 հազար հայ զինվորներով ու սպաներով, իսկ շուրջ 50 հազար հայ ռազմիկներ ներգրավված էին Անտանտի անդամ մյուս տերությունների զինված ուժերում:
Կովկասյան ճակատում Թուրքիայի դեմ մարտնչել ցանակցող հայերի քանակը, թե´ բուն Հայաստանում, թե´ այլ երկրներում այնքան մեծ էր, որ Հայոց ազգային բյուրոն դիմեց Կովկասի փոխարքա կոմս Վորոնցով-Դաշկովին` հայկական կամավորական խմբեր կազմավորելու առաջարկով: Այդ խմբերը պետք է աջակցեին ռուսական զորքերին ազատագրելու Արևմտահայաստանի տարածքը և Ռուսաստանի հովանու ներքո ձևավորվելու «հայկական վեց վիլայեթների և նրանց անբաժանելի մաս կազմող Կիլիկիայի» ինքնավարությունը: Ինչ խոսք, հեռահար և վերջնական նպատակը անկախ և միացյալ Հայկական պետության վերականգնումն էր:
Ի դեպ, պատերազմի նախապատրաստական փուլում ռուսական բանակի հրամանատարությունը ևս խիստ շահագրգռված էր հայակական կամավորական զորախմբերի գոյությամբ և ամեն կերպ քաջալերում էր այդ նպատակով տարվող եռանդուն աշխատանքը: Ցարական իշխանությունները նույնիսկ խոստացան ներում շնորհել քաղաքական հետապնդման ենքարկվող այն ազգային գործիչներին, ովքեր կհամալրեին կամավորական զորախմբերի շարքերը:
Հայ ռազմիկները քաջատեղյակ էին տեղանքին, մահմեդական բանկչության լեզվին, բարքերին ու սովորույթներին, ուստի հրամանատարությունը նախատեսում էր, որ Արևմտահայաստանի տարածքում հարձակողական գործողությունների ընթացքում նրանք պետք է գործեին հակարակորդի զորքերի հաղորդակցման ուղիների շրջաններում, կատարեին առաջապահ զորախմբերի դեր և հետախուզեին տեղանքը: Մինչդեռ իրենք` հայ զինյալները, ինչ խոսք, իրենց առաջնահերթ խնդիրն էին համարում փրկել արևմտահայությանը տեղահանությունից և ֆիզիկական ոչնչացումից:
Հայ հասարկայնության և ռուսական հրամանատարության այս միակամության արդյունքում, Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական զորքերի կազմում հաջորդաբար կազմավորվեցին զուտ հայկական, նախ կամավորական, ապա նաև կանոնավոր զորամասեր, որոնք մեծ դեր կատարեցին պատերազմի Կովկասյան թատերաբեմում ռուսական զորքերի հաղթական գործողություններում:
Անտարակույս, Կովկասյան ճակատում հայկական զինյալ ուժի առկայությունը նաև ամրագրում էր հայ ժողովրդի արդարացի իրավունքը իր պատմական հայրենիքի նկատմամբ: Այն հող էր նախապատրաստում պատերազմի ավարտից հետո հայության արդար պահանջատիրությունը միջազգային ատյաններում լսելի դարձնելու համար: Դա հնարավորություն կտար խուսափել քառասնամյա վաղեմություն ունեցող բեռլինյան չարաբաստիկ «թղթե շերեփի» պատմության կրկնությունից և արդեն «երկաթե շերեփի» զորությամբ` ազգային զինյալ ուժով, հավակնել հայկական հարցի համապարփակ լուծմանը:
Եվ իրոք, հայ ռազմիկների անձնուրաց պայքարը, ապա նաև Հայաստանի անկախ հանրապետության գոյությունն ինքնին, մեծապես նպաստեցին, որ Սևրի դաշնագրում «դե յուրե» վավերացվեր հայ ժողովրդի անկապտելի իրավունքն իր պատմական հայրենիքի նկատմամբ: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին իրականություն դարձնել այն:
Վահան Մկրտչյան
«Հայ Զինվոր»