Ազգային Բանակի անձնակազմի խնդիրները - 25 Февраля 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Февраль » 25 » Ազգային Բանակի անձնակազմի խնդիրները
12:05
Ազգային Բանակի անձնակազմի խնդիրները
Նորաստեղծ բանակի անձնակազմի համալրման աշխատանքները սկսվեցին ծայրահեղ ծանր պայմաններում: «Հաղորդակցության ուղիների բացակայության պատճառով, յուրաքանչյուր գավառում հիմնվեցին զորահավաքային կետեր` պահեստազորի և նորակոչիկների հաշվառման ու զորակոչի համար: Վերականգնվեց զինապարտների հաշվառման հիմնարկների աշխատանքը, և սկսկվեց նրանց գրանցումն ու ցուցակագրումը»:

Հանրապետության զինակոչի տարիքի քաղաքացիների հաշվառման գործընթացը և զորակոչը, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի համլրումը կանոնակարգվում էին ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրենքներով: Մասնավորապես, համաձայն 1919թ. ընդունված «Զինապարտների հաշվառման ու զորակոչի մասին» օրենքի, պարտադիր զինվորական ծառայության հաշվառման էին ենթարկվում հանրապետության արական սեռի 16-43 տարեկան բոլոր քաղաքացիները: Զինծառայության ընդհանուր ժամկետը 18 տարի էր, ընդ որում, 3 տարին`իսկական զինվորական ծառայության, իսկ հաջորդ 15-ը` պահեստազորային ծառայության ժամկետն էր:

Զորացրումից հետո զինվորական ծառայության մեջ մնացին միայն 1894-1899թթ. ծնված զինակոչիկները: Սակայն, երկրի թաթարաբնակ շրջանների պարբերական խռովությունների դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով, 1919թ. ամռանը հարկ եղավ զորակոչել 26-ից 30-ամյա, ապա նաև 31-ից 32-ամյա զինապարտներին: Օրենքով սահմանված էր նաև այն քաղաքացիների շրջանակը, ովքեր ենթակա չէին զորակոչի: Դրանք էին` անաշխատունակ ծնողներ ունեցող ընտանիքի միակ կերակրողը, պետական մի շարք հիմնարկների (փոստ-հեռագրային, երկութուղու, միլիցիայի, դատական մարմինների) ծառայողները, ինչպես նաև գավառային ու թաղային կոմիսարներն ու նրանց օգնականները:

Ուշագրավ է, որ ՀՀ մահմեդական բանկչության համար, ինչպես նշում է առաջին վարչապետ Հովհ.Քաջազնունին, «քաղաքական պատճառներով զինվորական ծառայությունը պարտադիր չէր, ինչպես պարտադիր չէր նաև նախկին ռուսական ռեժիմի ժամանակ: Փաստորեն, մուսուլմաններ չկան հայկական բանակի մեջ»:

Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից զորակոչի ենթարկվում էին միայն եզդիներն ու ասորիները, և այն էլ, կամավորական զորամասերում ծառայելու համար:Եզդի կամավորների ջոկատները, հայերի հետ կողք կողքի, մասնակցել էին թուրքերի դեմ կռիվներին: Նշանավոր է Ջհանգիր աղայի ղեկավարած հեծելազորը, որը, Դրոյի ղեկավարությամբ, հերոսաբար մարտնչեց Բաշ-Ապարանի ճակատամարտում: Ավելի ուշ, հայկական բանակում գործում էին եզդիների հեծյալ դիվիզիոններ: Հայկական բանակում առկա էր նաև ասորի կամավորականներից կազմավորված գումարտակ:

ՀՀ-ում պետական մակարդակով խստագույն պայքար էր մղվում դասալքության դեմ: Անգամ սահմանված էր պատժի առավելագույն չափ` մահապատիժ: Ընդ որում, պատժի էին ենթարկվում ոչ միայն իրենք` ծառայությունը ինքնակամ լքած զինվորականները, այլ նաև նրանց թաքցնողներն ու օժանդակողները: Նրանք, ինչպես նաև պահեստազորի այն քաղաքացիները, ովքեր խուսափում էին զորակոչից և ուսումնական հավաքներից, «Զորքերում դասալքության դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն, ենթարկվում էին դրամական տուգանքի կամ կալանքի` մինչև 6 ամիս ժամկետով:

ՀՀ բանակի սպայական կազմի ձևավորումը կատարվել է հիմնականում երկու ճանապարհով, և այս առումով որորշակի զուգահեռներ ուներ ներկայիս ՀՀ զինված ուժերի սպայական կազմի հմալրման ընթացքի հետ: Մի կողմից, ռուսական զինվորական կրթոջախներում կանոնավոր կրթություն ստացած, ռուսական բանակում բազմամյա անբասիր ծառայության ընթացքում հեղինակություն վաստակած կադրային սպաներն էին: Սա այն խումբն էր, որը, ըստ Ռուբեն Տեր-Մինասյանի բնորոշման, «ուներ իր արժեքները` գիտական տեսակետից, բայց ուներ նաև իր թերությունները` ոգու և ազգայինի տեսակետից»: Մյուս խումբը, հայդուկային-կամավորական բազմամյա պայքարի բովում թրծված և իրենց կենդանության օրոք իսկ լեգենդ դարձած զորապետերն էին, ովքեր կոչված էին լրացնելու վերոհիշյալ «ոգու և ազգայինի տեսակետից» եղած թերին և ազգային ոգի ու կորով հաղորդելու բանակի ողջ անձնակազմին:

Բանակում տարվող գաղափարադաստիարակչական աշխատանքը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար, ռազմական նախարարության նախաձեռնությամբ, հրատարակվեցին կանոնադրական, բարոյակամային ու գաղափարական ցուցումներ պարունակող գրքույկներ: Դրանցից առանձնացնենք «Հայ սպայի համար» գրքույկը: Այն, հայրենասիրության և երկրի պաշտպանունակության գործում իրենց դերի խոր գիտակցման, մի ոգեշունչ կոչ էր հայոց բանակի սպաներին և ամփոփում էր գաղափարական այն ուղենիշները, որոնցով պետք է առաջնորդվեր հայոց ազգային բանակի սպան, իր ծառայության ընթացքում:

«Հայ բանակի սպա, քեզանից է կախված քո հարազատ ժողովրդի և Հայրենիքի բախտը: Դո´ւ միայն կարող ես պաշտպանել քո պապենական օջախը դրսի մեր թշնամիներից, որոնք մեր իսպառ բնաջնջումն են ցանկանում: Դո´ւ միայն կարող ես քո հետևից տանել հայրենասիրությամբ համակված զինվորներին` դարձնելով նրանց անձնվիրության և հերոսության մարմնացում,վառ պահելով նրանց մեջ մեր ազգային բանակը, որորվհետև դու ես այդ բանակի ոգին, նրա սիրտը, հրամայողը: Քեզանից է կախված քո զինվորների վարքը և բարքը: Որեմն, գործի անցի´ր, դաստիարակի´ր քո զինվորներին, դաստիարակի´ր ինքդ քեզ: Կազմակերպի´ր Հայստանի բանակը` առողջ հիմքերի վրա»:

Ի դեպ, այս գրքույկը հրատարակել էր «Ռազմիկ» զինվորական շաբաթաթերթի խմբագրությունը: Ըստ շաբաթաթերթի խմբագրականի, այն կոչված էր «ծառայելու հայկական բանակի մտավոր-բարոյական կարիքներին»: 16 էջանոց շաբաթաթերթում լուսաբանվում էին ոչ միայն հայոց բանակի հրատապ խնդիրները, այլ նաև անդրադարձ էր կատարվում երկրի ներքին, տարածաշրջանում և աշխարհում կատարվող քաղաքական իրադարձություններին, պարբերաբար ներկայացվում էր տարբեր երկրների զինված ուժերի առկա վիճակը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՀՀ ԶՈւ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը «Ռազմիկի» ուղղակի ժառանգորդն է:

Հայոց բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ և կայուն պահպանելու գործում մեծ էր նաև հոգևորականների դերը: Յուրաքանչյուր գունդ ուներ իր քահանան, որն իր ազդու խոսքով, օրհնությամբ ու մաղթանքներով գոտեպնդում էր հայ զինծառայողներին, օգնում ավելի դյուրությամբ հաղթահարելու ծառայության դժվարությունները, հայրենասիրական ոգով տոգորվելու, մշտապես կազմ ու պատրաստ լինելու հայրենիքին սահմանների պաշտպանության սուրբ գործին:

Հայոց բանակում պաշտպանվում էին սպայական, նաև դասային այն բոլոր աստիճանները, որոնք առկա էին ռուսական բանակում: Զինվորականների աստիճանաբաշխումը միայն ՀՀ կառավարության իրավասությունն էր` ռազմական նախարարի ներկայացմամբ, և կատարվում էր ըստ ռուսական բանակում կիրառվող օրենքների ու կանոնների: Ահա Հայոց բանակում առկա սպայական կոչումները և դրանց համապատասխան հայերեն համարժեքները. պրապորշչիկ (վառատար), պոդպորուչիկ (փոխտեղակալ), պորուչիկ (տեղակալ), շտաբս-կապիտան (փոխգնդապետ), պոլկովնիկ (գնդապետ), գեներալ- մայոր (կրտսեր զորավար), գեներալ- լեյտենանտ (ավագ զորավար), ինֆանտերյայի կամ լրիվ գեներալ (զորավար):

1918-1920թթ. Հայկական բանակում ծառայել են 27 գեներալ, շուրջ 60 գնդապետ և 2500 այլ աստիճանի սպաներ: Ամենաբարձր զինվորական կոչումը` հետևազորի կամ լրիվ զորավարի (ինֆանտերիայի գեներալի) կոչումն էր, որին արժանացել էր միայն Թ.Նազարբեկյանը, վարչապետ Ա.Խատիսյանի 1920թ. հունվարի 26-ի հրամանագրով: 1919թ. մայիսի 28-ին ավագ զորավարի` գեներալ-լեյտենատի, կոչումի են արժանացել Հովհ.Հախվերդյանը, Մ.Սիլիկյանը, Դ.Բեկ-Փիրումյանը, Կոնս.Ղամազյանը:

Ի դեպ, բանակի սպայական կազմում ռուսական կրթությամբ սպաների գերակշռությունը ստեղծել էր մի մտահոգիչ խնդիր: Զինված ուժերի համակարգում ամբողջ գործավարությունն իրականացվում էր հիմնականում ռուսերեն: Եվ ահա, ռազմական նախարար Ռուբեն Տեր- Մինասյանի կարգադրությամբ, 1920թ. օգոստոսի 1-ից, ՀՀ օրենքներին համապատասխան, սկսվեց զինված ուժերի ոլորտում կիրառվող գրագրությունը հայերենի վերափոխման գործընթացը: Ըստ այդմ, գլխավոր շտաբում ստեղծվեց թարգմանչական խումբ, որն անհապաղ սկսեց հայերենի վերածել գրագրությունն ու գործավարությունը, ինչպես նաև ռուսերենից հայերեն թարգմանել ռազմական տարաբնույթ գրականությունը:

ՀՀ բանակի սպաներին ու զինվորներին իրավունք էր վերապահված կրելու նախկին ծառայության ընթացքում ստացած շքանշաններն ու մեդալները: Միաժամանակ, կառավարության համապատասխան որոշումներով հաստատվեցին բուն հայկական մարտական շքանշանները`«Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Սուրբ Վարդան զորավար», «Մեծն Տրդատ», որոնց նախագծողն անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանն էր: «Սուրբ Վարդան զորավար» շքանշանը համապատասխանում էր ռուսական բանակում կիրառվող Գեորգիևյան խաչին և ուներ 6 աստիճան, որոնցից առաջին 4-ով պարգևատրվում էին անձնական խիզախություն ցուցաբերած զինվորականները, իսկ 5-րդ և 6-րդ աստիճաններով` զորախմբերի հրամանատարները, մարտական գործունեություններին հմուտ ղեկավարման համար: «Մեծն Տրդատ» շքանշանի կարող էին արժանանալ ոչ միայն սպայական կազմը` մարտական ծառայությունների համար, այլ նաև քաղաքացիական անձինք` բացառիկ ծառայությունների համար:

ՀՀ զինված ուժերի կարճատև կյանքի ընթացքում աչքաթող չեն արվել նաև մասնագետ կադրերի պատրաստման խնդիրները: Հանրապետության տարբեր քաղաքներում հիմնվեցին ռազմական մի քանի կրթօջախներ, որոնք պետք է դառնային սպայական կազմի համալրման հիմնական աղբյուրը:

1920թ. գարնանը Երևանում սկսեցին գործել գլխավոր շտաբի սպայական դասընթացները և սպայական նախապատրաստական դպրոցը: Ռազմական ռադիոհեռագրայաին ոլորտի մասնագետներ պատրաստելու համար, ռադիո-հեռագրային դիվիզիոնին կից բացվեց մասնագիտացված դպրոց: Զինված ուժերի բուժանձնակազմը մասնագետներով համալրելու համար, Երևանի և Ալեքսանդրապոլի հոսպիտալներին կից սկսեցին գործել զինբուժակների դպրոցներ:

Աշնանն Ալեքսանդրապոլում և Կարսում սկսվեցին ռազմական ուսումնական հաստատությունների հիմնադրաման աշխատանքները, որոնք պետք է բացվեին 1921թ. սեպտեմբերին: Ալեքսանդրապոլում հիմնվեց զինվորական գիմնազիա` 10-ից 12 տարեկան երեխաների համար: Գիմնազիայում պետք է ուսանեին գերազանցապես զինծառայողների զավակները և որբանոցների սաները: Գիմնազիան, որտեղ պետք է ուսանեին 350 սան, կոչված էր 7-ամյա ուսուցման ընթացքում համակողմանիորեն նախապատրաստել կադրեր, որոնք իրենց ուսումը կշարունակեին Կարսի ռազմական ուսումնարանում: Այս ուսումնարանում պետք է ուսանեին գիմնազիական, կամ էլ միջնակարգ կրթություն ունեցող 17-ից 28 տարեկան 145 յունկեր, ովքեր, մեկամյա դասընթացներից հետո, ստանալու էին պոդպորուչիկի կոչում: Ուսումնարանը պետք է սպայական կադրեր պատրաստեր տարբեր զորատեսակների` հետևազորի, հեծելազորի և հրետանու համար:
 
Մինչև 1918թ. ձմռան սկիզբը հանրապետության միակ զորախմբի` հրաձգային դիվիզիայի, ստորաբաժանումները տեղաբաշխված էին թուրքական զորքերի հետ շփման գոտու երկայնքով: Ռազմական նախարարի հաղորդած տվյալների համաձայն, հրաձգային գնդերից չորսը, հրետանու օժանդակությամբ, տեղաբաշխվեցին Երևան- Վաղարշապատ-Ղամարլու գոտում, 5-րդ գունդը` Ղարաքիլիսայի շրջանում, իսկ 6-րդը` Դիլիջանում: Սույն տեղաբաշխումը պահապանվեց մինչև 1918թ. վերջը` առաջին աշխարհամարտի վարտը:

Հոկտեմբերի 30-ին Թուրքիան ստորագրեց Մուդրոսի զինադադարի պայմանագիրը: Նոյեմբերի 17-ին անգլիական զորքերը, Թոմսոնի գլխավորությամբ, մտան Բաքու, ապա նաև Բաթում ու Թիֆլիս: Նոյեմբերի կեսերին Երևանում գտնվող թուրքական ներկայացուցիչ Մահմեդ Ալի փաշան ռազմական նախարար Հովհ.Հախվերդյանին հայտնեց, որ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ, իրենց զորքերը վեց շաբաթվա ընթացքում պետք է ազատեն գրավյալ տարածքները: Թուրքիան, իբրև պատերազմում պարտված կողմ, Անտանտի տերությունների ճնշման ներքո հարկադրված էր զորքերը հետ քաշել մինչև Ռուսական կայսրության և Թուրքիայի մինջև նախապատերազմյան սահմանը:

Սա նշանակում էր, որ թուրքական զորքերը պետք է ազատեին Ալեքսանդրապոլը, Կարսը, Սարիղամիշը և գրավյալ մյուս տարածքները: Թուրքիայի պարտությունը նշանակում էր, որ այլևս ուժը կորցրած էր Բաթումի պայմանագրով հանրապետության զինված ուժերը սոսկ մեկ դիվիզիայով սահմանափակելու պայմանավորվածությունը: Հայաստանն այսուհետ իրավասու էր ընդլայնելու իր զինված ուժերը, ավելին, այդ հիրավի կենսական անհրաժեշտություն էր, քանի որ եղած ուժերով այլևս հնարավոր չէր ապահովել հանրապետության ողջ տարածքի հուսալի պաշտպանությունը:

Թուրքական զորքերի հեռանալուց հետո գրավյալ տարածքները անասելի թշվառ, աղետալի վիճակում էին, ինչը լիովին համապատասխանում էր թուրքի անմարդկային, վայրենաբարո էությանը: Հազարավոր մարդիկ սպանված, բռնաբարված կամ գերյալ էին, ողջ մնացածները` մերկ ու սովալլուկ, բոլոր բնակավայրերը, ամեն, ամեն բան թալանված ու ավերված: Այդուհանդերձ, այդ տարածքների ազատագրությամբ զգալիորեն ընդլայնվեց Հայստանի նորաստեղծ հանրապետության տարածքը` հասնելով շուրջ 70 հազ. քառակուսի կիլոմետրի: Իսկ հեռանկարում, թեկուզև շատ աղոտ, ուրվագծվում էր ավելի լայնարձագ, ազատ ու ինքնիշխան Հայստանի պատկերը: Եվ մեր ժողովուրդը, զորավիգ լինելով իր նորաստեղծ պետությանը, իր աներևակայելի կենսունակությամբ, լավատեսությամբ ու ստեղծարար ոգու զորությամբ սկսեց աստիճանաբար ամոքել վերքերը, վերականգնել ավերածությունները և ապահովել երկրի բնականոն կյանքը:

1919թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց Անկախ և Միացյալ: «Մեր սերունդը,- գրել է Հովհաննես Թումանյանը, - այն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում: Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները: Ազատություն էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը, առանց սեռի ու հասակի խտրության: Ինչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե իր աչքով տեսներ ազատությունը… Արդեն իրականություն է երեկվա վեհ երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է Հայստանը, նա իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում»:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
Просмотров: 185 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Архив записей