Статистика


Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Март » 6 » Ալեքսանդրապոլը և Կարսի մարզը
20:04
Ալեքսանդրապոլը և Կարսի մարզը
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, Կովկաս մտած անգլիական զորքերի ճնշման ներքո, թուրքական զորքերը սկսեցին արագորեն հեռանալ Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում իրենց կողմից գրավված տարածքներից: «Դեկտեմբերի 4-ին, -գրում է գեներալ Հովհ. Հախվերդյանը,- Երևանի և Էջմիածնի շրջանների հայկական պահակակետերից տեղեկացրին, որ թուրքական սահամապահները հետ են քաշվել, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ թուրքերը հապճեպ նահնաջում են դեպի Ալեքսանդրապոլ, որը դեկտեմբերի 6-ին նույնպես մաքրվեց թուրքերից»:

Ռազմական նախարարության հրահանգով, հայկական զորամասերը անմիջապես զբաղեցրին թուրքական զորքերի կողմից թողնված տարածքները: Հայկական զորքերն Ալեքսանդրապոլը գրավեցին առանց էական միջադեպերի: Ալեքսանդրապոլում տեղակայվեցին հայկական դիվիզիայի 1-ին և 4-րդ հետևակային գնդերը` հրետանու և հեծելազորային գնդի օժանդակությամբ: Հայկական զորքերի հետևից իրենց բնակավայրերը վերադարձան գաղթած բնակիչները և հայրեին օջախները գտան լիովին թալանված ու ավերված: Քաղաքում եղած ռազմական կառույցները ևս բառացիորեն ողբալի վիճակում էին: Զորանոցները թալանված էին, տարել էին անգամ դռներն ու պատուհանները: Պահեստները բաց էին, զինամթերքով արկղերն ու վառոդը` թափված բաց երկնքի տակ: Թուրքերը հավանաբար ցանկացել էին այդ ամենը պայթեցնել, սակայն լքել էին ու հեռացել: Ընդ որում, մնացած զինամթերքի մեջ մեր զորքերի համար պիտանի միայն քիչ քանակությամբ «Լյուսի» կարգի գնդացրի փամփուշտներ կային:

Ալեքսանդրապոլի երկաթուղին ևս խիստ անմխիթար վիճակում էր. «Կայարանի շինությունները կիսավեր էին, հեռագրալարերը` կտրտված, ոչ մի տեղ հեռագրական ապարատ չկար, ջրամատակարարումը խափանված էր: Կայարանում շատ էին փչացած շոգեքարշերը, բայց կային նաև բարվոք վիճակում գտնվող շոգեքարշեր ու բավականաչափ ապրանքատար վագոններ: Երկաթուղու նման թշվառ վիճակը խիստ դժվարացնում էր փոխադրումները, որը զգալ տվեց Վրաստանի հետ փոխհարաբերությունների բարդացման ժամանակ»:

1919թ. սկզբին, երբ թուրքական զորքերը արդեն հեռացել էին Ալեքսանդրապոլից, Թիֆլիսում տեղակայված անգլիական զորքերի երկու գումարտակ ուղարկվեց Կարս: Զինադադարի պայմանների համաձայն, թուրքերը լքեցին Կարսի մարզը` 1914թ. սահմանագծով, Կարսում թողնելով ոչ մեծ կայազոր` իրենց գույքը պահպանելու և էվակուացնելու համար:

Կարսի մարզը վերագրավելու համար առանձնացվեց հատուկ ջոկատ, որի մեջ մտան գլխավորապես Ալեքսանդրապոլում տեղակայված զորամասերը: Դրանցից էին գեներալ Հովսեփյանցի, բրիգադը` 1-ին և 4 –րդ հետևակային գնդերով ու հրետանու դիվիզիոնով, մեկ հեծելազորային գունդ և Ալեքսանդրապոլի պահպանության գումարտակի մի մասը: 1919թ. մարտին այդ զորամասերը ժամանեցին Կարս, որտեղ, անգլիական հրամանատարության կարգադրությամբ, թուրքերը հայկական զինվորական իշխանություններին հանձնեցին ամբողջ, ինչպես ասում են «նախկին ռուսական զորքերի», գլխավորապես, ամրոցային հին հրանոթները` արկերով և ինժեներական գույքի մի մասը, որը չէին հասցրել էվակուացնել: Հայերի գույքի հանձնումն ավարտելուց հետո, թուրքական զորամասերը Կարսից մեկնեցին Էրզրում:

1919թ. մարտին Կարս ժամանեց կառավարության կողմից նշանակված նահանգապետը` Ստեփան Ղորղանյանը: Մայիսի սկզբին 4-րդ հայկական գյուդը գրավեց Սարիղամիշը, ապա նաև Օլթին ու Կաղզվանը: Մարզի սահմանագծի երկայնքով տեղակայվեցին պահակակետեր: Բրիգադի հրամանատար, գեներալ Հովսեփյանցը միառժամանակ, համատեղության կարգով, կատարում էր նաև Կարսի բերդի պարետի պարտականությունները, մինչև որ կառավարության կողմից այդ պաշտոնին նշանակվեց գեներալ Դանիել Բեկ-Փիրիմոնյանը: Մայիսի առաջին կեսին ժամանելով Կարս` նրա առաջին գործը եղավ բերդի հատուկ շտաբի կազմավորումը: Զգալիորեն ուժեղացվեց բերդի կայազորը: Այն համլրվեց հատուկ պահակային գումարտակով, ինչպես նաև կազմավորվեց բերդի հրետանին: Վերջինիս պետ նշանակվեց կապիտան Ջանփոլադյանը:

Այս միջոցառումները ճիշտ ժամանակին էին, քանզի մայիսի վերջից, Կարսի անգլիական զորքերի հեռանալուց հետո, մարզում և նրա սահամանների շուրջը իրավիճակը սրվեց: Սահմանամերձ Արդահանի, Օլթիի նաև Սուրմալուի և Կաղզվանի շրջաններում կուտակվել էին թուրքերի կողմից սպառազինված քրդական հրոսակախմբերը, որոնք պարբերաբար հատում էին հայ-թուրքական սահմանը և ասպատակում հայկական բնակավայրերը: Կարսի մարզում, բերդից ոչ հեռու, մշտական ընդհարումներ էին տեղի ունենում սահմանը խախտած քրդկան ավազակախմբերի հետ: Պարետը, որպես զինվորական իշխանության ներկայացուցիչ, ի շահ շրջակա բնակչության անվտանգության, այդ հրոսակախմբերի դեմ ռազմարշավներ էր իրականացնում: Սեպտեմբերի սկզբին մեր զորքերի կողմից քրդական- թաթարական այդ խմբերին հուժկու հարված հասցվեց: Հարկ էր, սակայն, մշտապես աչալուրջ լինել, քանի դեռ շարունակվում էին քրդական ավազակախմբերի հարձակումները և տեղի մահմեդական բնակչության նախապատրաստումը ապստամբության:

1920թ. հունվարին ապստամբեցին Զարուշադն ու Աղբաբան` սպառնալով կտրել Կարսի ու Ալեքսանդրապոլի կապը: Փետրվարի 1-ին գեներալ Հովսեփյանցի գլխավորած զորախումբը վճռական գործունեություն սկսեց խռովարարների դեմ: Չնայած վերջիններս խոշոր զինական ուժեր ունեին` ավելի քան 3000 հոգի, այնուամենայնիվ հայ զինվորները արագորեն ճնշեցին խռովությունը: Փետրվարի 9-ին գրավվեց Զարուշադը, իսկ 14-ին` Շայնադար գյուղը: Ավելի ուշ, գնդապետ Մազմանյանի զորախումբը ճնշեց Չլդրում բռնկված խռովությունը:

Այս ամենն անհրաժեշտություն էր առաջացնում համալրել մարզում առակա զորախումբը: 1920թ. սկզբին Կարսի մարզում, հիմնականում արևմտահայ ռազմիկներից, կազմավորվեց 8-րդ հետևակային գունդը, որը, Իգդիրում ձևավորված 7-րդ հետևակային գնդի հետ, կազմեց 4-րդ բրիգադը` Սեպուհի գլխավորությամբ: Միառժամանակ սահմանների պաշտպանությունը և մաքսային ծառայությունը իրականացնելու համար, ձևավորվեց նաև սահամանպահ բրիգադը: Վերջինս շուտով հարկադրված էր անմիջականորեն գործի մեջ ի ցույց դնել իր մարտունակությունը:

Հունիսին հայկական ուժերը ռազմական գործողություններ ձեռնարկեցին Խալի բեյի զորքերի կողմից զավթված Օլթիի ածխահանքերն ազատագրելու նպատակով: Հունիսի 18-ին հայկական զորքերը, զորավար Հովսեփյանցի ընդհանուր ղեկավարության տակ, և գնդապետ Միրիմանյանի անմիջական հրամանատարությամբ, շարժվեցին 3 ուղղությամբ: Աջ զորասյունը, գնդապետ Մազմանյանի գլխավորությամբ, Դորա Քելիսեից, միջինը` գնդապետ Շահբուդաղյանի հրամանատարությամբ, Մերդենեկի մոտից և ձախը` փոխգնդապետ Նեստերևսկու գլխավորությամբ, Բեկկեի դիրքերից: Հունիսի 21-ին զորամասերը միացան հանքերի արևմտայան մասում:

Եռօրյա մարտական հմուտ և վճռական գործողություներով հայկական զորքերը ոչ միայն վերագրվեցին երկրի համար կենսական նշանակություն ունեցող այդ տարածքը, այլև, ծանր պարտության մատնելով Խալի բեյի գլխավորած զորքերին, տիրացան մեծաքանակ ռազմավարի` 2 լեռնային հրանոթ, 4 գնդացիր, զինամթերքի պահեստներ, 1200 փութ հացահատիկ, հարյուրավոր անասուններ:

Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»

Просмотров: 143 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Архив записей